Քննարկվեց Սկզբնական կրթության ֆակուլտետի զարգացման առաջնահերթությունները
09.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպեց նաև Սկզբնական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Ֆակուլտետի դեկան Գագիկ Հայրապետյանը ներկայացրեց կառույցի ռազմավարական ծրագիրն ու տեսլականը, նպատակներն ու զարգացման ուղղությունները։
Նա նկատեց՝ ֆակուլտետի ռազմավարական նպատակն է կրթական, գիտահետազոտական և կառավարչական ներուժի համակարգված կատարելագործումը՝ տեղայնացնելով բարձրագույն կրթության միջազգային առաջավոր փորձն ու կիրառելով ժամանակակից թվային գործիքակազմը։
Նաև շեշտեց ֆակուլտետի առանձնահատուկ առաքելությունն ու պատասխանատվությունը՝ հաշվի առնելով, որ այն հանրապետությունում նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մանկավարժներ պատրաստող մասնագիտացված կառույց է։
Արաքսիա Սվաջյանն ընդգծեց կրթական ծրագրերի համատեղ վերլուծության կարևորությունը՝ պարզելու, թե որքանով են դրանց բովանդակությունն ու ուսումնառության վերջնարդյունքները նպաստում այն կարողությունների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են այսօրվա դպրոցում աշխատող ուսուցչին։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսանողների գործնական պատրաստվածությանն ու պրակտիկայի արդյունավետ կազմակերպմանը։ Արաքսիա Սվաջյանը կարևորեց գործնական բաղադրիչի ուժեղացումը, նոր մասնագիտական կրթական ծրագրերի մշակումը, ինչպես նաև կրթական գործընթացի և գնահատման համակարգի կատարելագործումը։
Անդրադառնալով կրթական գործընթացում արհեստական բանականության կիրառմանը՝ նա ընդգծեց դրա հնարավորությունները նպատակային օգտագործելու և միաժամանակ հստակ կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը․«Կարևոր է խրախուսել նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ միաժամանակ պահպանելով ուսանողների ինքնուրույն, հետազոտական, ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացումը»,-նշեց նա։
Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց նաև ֆակուլտետի գիտահետազոտական գործունեության ակտիվացումը, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների մշակումը՝ առաջարկելով այդ ուղղությամբ ներկայացնել նոր նախաձեռնություններ ու առաջարկություններ։