Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնը նշում է հիմնադրման 10-ամյակը

10.11.2026
Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնը նշում է հիմնադրման 10-ամյակը

Նոյեմբերի 6-7-ը Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում նշվեց Հայագիտության ամբիոնի հիմնադրման 10-ամյակը։ Ամբիոնը հիմնադրվել է ՀՊՄՀ-ի և Պազմանի Պիտեր կաթոլիկ համալսարանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության արդյունքում։

Տասը տարիների ընթացքում ամբիոնը դարձել է հայագիտության ուսումնասիրման և տարածման կարևոր կենտրոն՝ իրականացնելով ոչ միայն հետազոտական նախագծեր, այլև բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրեր։ Այս առումով այն բացառիկ նշանակություն ունի միջազգային հայագիտական կրթական հարթակում։ Ամբիոնում ուսումնառություն են անցել տասնյակ ուսանողներ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից և Հունգարիայից, որոնք համալրում են հայագետների նոր սերնդի շարքերը։

Հոբելյանական միջոցառումներին մասնակցում էր նաև Մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը և նույն ամբիոնի դոցենտ Հայկ Գրիգորյանը։

Պաշտոնական ընդունելության ընթացքում ներկայացվեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանի շնորհավորական ուղերձը՝ Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և, մասնավորապես, Հայագիտության ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ պատվավոր պրոֆեսոր Բալինտ Կովաչին։

Ուղերձում Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ համագործակցության տարիներին համալսարաններին հաջողվել է կառուցել ամուր կրթական և գիտական կամուրջներ՝ նպաստելով ուսանողների և դասախոսների փոխանակմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև հայագիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու զարգացմանը․ «Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում ակտիվ համագործակցության, հայագիտության հարցերի ուսումնասիրությանն ու հետազոտական ծրագրերին միտված Ձեր ջանադիր գործունեության և մեր համալսարանի հանդեպ վստահության համար։ Համագործակցության վկայություններից մեկն էլ ՀՊՄՀ-ում բացված Հունգարական մշակույթի կենտրոնն է՝ որպես հայ-հունգարական կրթամշակութային լավագույն հարթակ։ Համագործակցության այս հոբելյանը լավագույն առիթ է՝ երկուստեք արժևորելու համատեղ կատարած աշխատանքը և ուրվագծելու շարունակական ծրագրերի իրականացման նոր տեսլական՝ գիտական նոր նախագծերի ու մշակութային երկխոսության ընդլայնման ուղղությամբ»։

Հայագիտության ամբիոնին փոխանցվեց նաև խորհրդանշական նվեր։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպվեցին պաշտոնական ընդունելություն և միջազգային գիտաժողով՝ նվիրված հայկական քրիստոնեությանը։ «Հայկական քրիստոնեությունը դարերի խորքից․ շարունակականություն և բազմազանություն» խորագրով գիտաժողովին մասնակցում էին հեղինակավոր հայագետներ աշխարհի տարբեր համալսարաններից և գիտակրթական հաստատություններից։

Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները գիտաժողովին հանդես եկան զեկուցումներով՝ իրենց մասնագիտական ներդրումն ունենալով հայկական քրիստոնեության պատմության, շարունակականության և բազմազանության վերաբերյալ գիտական քննարկումներում։