ՀՊՄՀ դեկանն արժանացել է «Ցեց Յանոշ» հեղինակավոր պարգևին
10.11.2026
ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը արժանացել է «Ցեց Յանոշ» (The Czetz János Award) պարգևին՝ հայ-հունգարական կապերի զարգացման, Հունգարիայում հայագիտության առաջխաղացման և երկու երկրների միջև գիտակրթական համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Պարգևը Էդգար Հովհաննիսյանին շնորհել է Հունգարիայի հայկական համայնքը ներկայացնող «Transylvanian Armenian Roots Cultural Association»-ը՝ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում կայացած Հայագիտության ամբիոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում։ Ի դեպ, մրցանակը կրում է հայկական արմատներով հունգարացի հայտնի գեներալ Ցեց Յանոշի անունը։
Նշենք, որ Էդգար Հովհաննիսյանի ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՊՄՀ-ի և Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև համագործակցության հաստատման գործում։ Երկարատև ջանքերի շնորհիվ՝ ուղիղ տասը տարի առաջ Պազմանի համալսարանում հիմնադրվեց Հայագիտության ամբիոն։ Տարիների ընթացքում ամբիոնն անցել է կայացման նշանակալի ճանապարհ՝ վերածվելով միջազգային հայագիտական հետազոտությունների և կրթության կարևոր կենտրոնի, որտեղ ուսումնառություն են անցել տասնյակ ուսանողներ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից և Հունգարիայից։
Ամբիոնը միաժամանակ կարևոր հարթակ է հայ-հունգարական մշակութային, գիտական և հումանիտար կապերի խորացման համար։
Ի դեպ, Էդգար Հովհաննիսյանի ներդրումը բարձր է գնահատվել նաև ավելի վաղ։ 2023 թվականին Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի խորհրդի որոշմամբ նա արժանացել է Պազմանի մեդալի (Pázmány-medalion)՝ ամբիոնի հիմնադրման և երկու համալսարանների միջև համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար։
«Տարիների աշխատանքը գնահատանքի արժանանալը կարևոր խրախուսանք է։ Երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ում համատեղ ջանքերով հնարավոր դարձավ իրականացնել հայագիտության միջազգայնացմանն ուղղված նախաձեռնությունները»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Էդգար Հովհաննիսյանը։