Արաքսիա Սվաջյանի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
10.11.2026
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ դասախոսներ, ուսանողներ և գիտության նվիրյալներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու գիտության անփոխարինելի դերը հասարակության զարգացման, խաղաղության պահպանման և մարդկային առաջընթացի ապահովման գործում։ Գիտության ցանկացած ձեռքբերում, որոնում և նորարարություն ունի մեկ ընդհանուր ակունք՝ կրթությունը։
Մանկավարժական գիտություններն այն առանցքային հիմքն են, որոնք ոչ միայն փոխանցում են գիտելիքը, այլև ձևավորում են ապագա գիտնականին, հետազոտողին և քաղաքացուն։ Մանկավարժությունը միայն մեթոդաբանություն չէ. այն գիտություն է մարդու ձևավորման, մտածողության զարգացման և արժեքների փոխանցման մասին։ Առանց մանկավարժական բարձրորակ գիտության անհնար է պատկերացնել որևէ այլ ոլորտի կայուն առաջընթաց։ Այս համատեքստում անգնահատելի է Մանկավարժական համալսարանի առաքելությունը։
Լինելով կրթական գիտությունների և մանկավարժական մտքի առաջատար կենտրոն՝ մեր համալսարանը կոչված է ոչ միայն կրթելու ապագա ուսուցիչներին, այլև դառնալու կրթական նորարարությունների, հետազոտությունների և արդիական մեթոդների մշակման դարբնոց։ Մեր յուրաքանչյուր դասախոսի և հետազոտողի աշխատանքն ուղղակիորեն ազդում է երկրի ապագա սերունդների որակի, հետևաբար՝ նաև մեր պետության զարգացման և անվտանգության վրա։ Խաղաղությունն ու զարգացումը սկսվում են դպրոցական դասարանից և լսարանից, որտեղ մանկավարժական գիտության լավագույն լուծումներով դաստիարակվում են քննադատական մտածողություն, բարոյական արժեքներ և ձգտում դեպի անհայտի բացահայտումը։
Շնորհակալություն եմ հայտնում մեր պրոֆեսորադասախոսական կազմին և երիտասարդ հետազոտողներին՝ նվիրված աշխատանքի, գիտական որոնումների և կրթության ոլորտում ունեցած ծանրակշիռ ավանդի համար։ Սիրելի՛ ուսանողներ, դուք եք այն ուժը, որը մանկավարժական գիտության նորագույն ձեռքբերումները վաղը հասցնելու է մեր երեխաներին։ Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական անսպառ էներգիա, գիտական նոր նվաճումներ և բարձր պատասխանատվություն մեր սերունդների կրթման ու դաստիարակման նվիրական գործում։
Արաքսիա Սվաջյան ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար