Արվեստի կրթության դերի բարձրացումը՝ ֆակուլտետի կարևորագույն խնդիրներից
10.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Հանդիպման նպատակն էր քննարկել ֆակուլտետի գործունեությունը, առկա հնարավորություններն ու խնդիրները, իրականացվող նախաձեռնությունները, ինչպես նաև զարգացման հեռանկարներն ու առաջիկա անելիքները։
Արաքսիա Սվաջյանն, անդրադառնալով կրթական ծրագրերի բովանդակությանը՝ շեշտեց, որ կրթական ծրագրերը պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով ժամանակակից դպրոցի, ուսուցչի և արվեստի կրթության ոլորտի պահանջները։ Ըստ նրա, կարևոր է հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կան այսօրվա մանկավարժից, ինչ մասնագիտական որակավորումներ են անհրաժեշտ և ինչպես դրանք ներառել ապագա մասնագետների պատրաստման գործընթացում։
Այս համատեքստում ռեկտորի պաշտոնակատարն անդրադարձավ նաև հանրակրթական դպրոցներում արվեստի կրթության դերին՝ նշելով, որ ոլորտում առկա է մասնագետների լուրջ պակաս․«Արվեստը պետք է դառնա մեր դպրոցի ամենասիրելի առարկաներից մեկը։ Ճիշտ պլանավորման և դասավանդման արդյունավետ մեթոդների կիրառման դեպքում դպրոցը կարող է երեխաներին մշակույթի հետ հաղորդակցվելու, ստեղծագործական ներուժը բացահայտելու և բազմակողմանի զարգանալու մեծ հնարավորություն տալ»,- ընդգծեց Արաքսիա Սվաջյանը։
Նա նկատեց, որ ժամանակակից երիտասարդն ապրում է տեղեկատվության և տեխնոլոգիաների հսկայական հոսքի պայմաններում, իսկ արհեստական բանականության արագ զարգացումը կրթական համակարգի առաջ նոր մարտահրավերներ է ստեղծում։
Ռեկտորի պաշտոնակատարը հորդորեց չվախենալ նորարարություններից, ներդնել նոր դասընթացներ, վերանայել կրթական ծրագրերի բովանդակությունն ու ուժեղացնել դրանց գործնական ուղղվածությունը՝ նպատակ ունենալով պատրաստել մրցունակ, ստեղծագործ և ոլորտի պահանջներին համապատասխան շրջանավարտներ։
Աշխատանքային հանդիպման ընթացքում ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը արձանագրված արդյունքները, առկա խնդիրները, համագործակցություններն ու առաջիկա ծրագրերը։ Նա անդրադարձավ կրթական ծրագրերի արդիականացմանը և աշխատաշուկայի պահանջներին դրանց համապատասխանեցմանը, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կարողությունների զարգացմանն ու որակավորման բարձրացմանը, գիտահետազոտական գործունեության ընդլայնմանն ու միջազգայնացմանը։