Քննարկվեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության նոր հեռանկարները
11.11.2026
Մանկավարժական համասարանում հյուրընկալվել էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ, դոկտոր Ղասսան Խալիլի գլխավորությամբ։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպմանը կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ համալսարանում Երեխայի իրավունքների կենտրոն հիմնելու հնարավորությունները։
Արաքսիա Սվաջյանը նշեց՝ մեծ պատիվ է նման ներկայացուցչական կազմով հյուրընկալել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատվիրակությանը։ Նա ընդգծեց, որ համալսարանը տարբեր նախաձեռնությունների շրջանակում առնչվել է կառույցի գործունեությանը, իսկ այս հանդիպումը կարող է հիմք դառնալ առավել համակարգված և ինստիտուցիոնալ համագործակցության համար։
Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շուրջ քննարկումները՝ ընդգծելով, որ համագործակցության հեռանկարները կարող են նպաստել մանկավարժական կրթության որակի բարձրացմանը։
Նրա խոսքով՝ Մանկավարժական համալսարանը պատրաստում է մասնագետներ, որոնք հետագայում առանցքային դեր են ունենալու երեխայի իրավունքների պաշտպանության և իրացման գործում, այդ թվում՝ կրթության, հոգեբանական աջակցության, հատուկ և ներառական կրթության ոլորտներում։ Ըստ նրա, այս առումով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի։
Ղասսան Խալիլն ընդգծեց՝ Հայաստանի բուհական համակարգում իր առաջին այցը Մանկավարժական համալսարանն է։ Նշեց՝ իր մասնագիտական գործունեության տարբեր փուլերում մշտապես կարևորել է բուհական և ակադեմիական շրջանակների հետ սերտ համագործակցությունը՝ համալսարանների դերը երեխայի իրավունքների պաշտպանության մշակույթի ձևավորման գործում։
Ներկայացնելով միջազգային փորձը՝ Ղասսան Խալիլն անդրադարձավ ակադեմիական միջավայրում երեխայի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Նրա խոսքով՝ այս համագործակցությունը կարող է նպաստել երկրում նոր մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը: Նա նշեց նաև, որ իր նախաձեռնությամբ տարբեր երկրներում զարգացել է բուհերում Երեխայի իրավունքների կենտրոնների ստեղծման գաղափարը։ Այսօր ձևավորվել է միջազգային ցանց, որում ընդգրկված է 63 համալսարան՝ աշխարհի տարբեր մայրցամաքներից։
Կենտրոնները ոչ միայն նպաստում են երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված գիտելիքի տարածմանը, այլև ձևավորում են ակադեմիական համագործակցության և փորձի փոխանակման հարթակներ։
Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու Մանկավարժական համալսարանում նման կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ դրա կայացումը ոչ միայն ինստիտուցիոնալ կառույցի ձևավորում է, այլև երեխայի իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն դարձնելու կարևոր քայլ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենտրոնի ձևավորման ընթացակարգերի, գործունեության հիմնական ուղղությունների, մասնագետների ներգրավման և արդյունավետության հնարավորությունները:
Ղասսան Խալիլը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է կազմակերպել երեխայի իրավունքների պաշտպանության գործում ակադեմիական շրջանակների մասնակցությանը նվիրված միջոցառում։ Նա ցանկություն հայտնեց, որ միջոցառումը հյուրընկալի Մանկավարժական համալսարանը։
Արաքսիա Սվաջյանը ներկայացրեց համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները՝ կարևորելով ՀՊՄՀ-ում Երեխայի իրավունքների կենտրոնի ստեղծման հնարավորությունն ու երեխայի իրավունքներին առնչվող կամընտրական դասընթացների ներդրումը համալսարանական կրթական ծրագրերում։
Մանկավարժականի հետ համագործակցության մեկնարկն ազդարարվեց բուհում Ղասսան Խալիլի՝ «Երեխայի իրավունքները ակադեմիական ոլորտում» խորագրով դասախոսությամբ։
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ Երեխայի իրավունքների կենտրոնների ստեղծման հիմքում ընկած գաղափարախոսությանը, սկզբունքներին ու մոտեցումներին, ներկայացրեց դրանց գործունեության նշանակությունը:
Վերջին հրապարակումներ
-
12.11.2026
Նոր մոտեցումներ արվեստի կրթությանը