«Դիմակայելու արվեստը». մեկնարկեց մեդիագրագիտության շաբաթը

18.11.2026
«Դիմակայելու արվեստը». մեկնարկեց մեդիագրագիտության շաբաթը

Մեդիագրագիտության համաշխարհային շաբաթվա շրջանակում Մանկավարժական համալսարանում անցկացվում են մեդիագրագիտությանը, ազատ խոսքին և տեղեկատվական միջավայրում պատասխանատու կողմնորոշմանը նվիրված մի շարք միջոցառումներ։

Մանկավարժության համահամալսարանական ամբիոնն արդեն երրորդ տարին է՝ միանում է միջազգային այս նախաձեռնությանը։ «Դիմակայելու արվեստը» խորագրի ներքո կազմակերպված միջոցառումների նպատակն է համալսարանական համայնքում խթանել մեդիագրագիտության մշակույթը, զարգացնել տեղեկատվությունը քննադատաբար ընկալելու և վերլուծելու հմտությունները, ինչպես նաև անդրադառնալ ազատ խոսքի և պատասխանատվության փոխհարաբերությանը։

Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց համալսարանում «Մեդիապատ» բաց հարթակի ստեղծմամբ, որը նախատեսված էր մեդիագրագիտության թեմայով մտքերի, տեսակետների և ուղերձների ներկայացման համար։ Այն համալրվեց մասնակիցների գրառումներով՝ ինչ է մեդիագրագիտությունն իրենց համար։

«Մեդիապատ»-իմ ներկայացված ուղերձներում ընդգծվում էր մեդիագրագետ լինելու կարևորությունը՝ չհավատալ ամեն տեսածի, մտածել նախքան տեղեկատվությամբ կիսվելը, հարցեր տալ և կասկածի տակ դնել ստացած տեղեկությունը, տարբերել փաստը կարծիքից, ստուգել տեղեկատվության աղբյուրը և չսահմանափակվել միայն վերնագրով։

Միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ու ուսանողներ։ Նրանք շրջեցին ներկայացված տաղավարներում, ծանոթացան մեդիագրագիտության վերաբերյալ ուսումնական և տեղեկատվական նյութերին։

Մեդիագրագիտության թեման ամբիոնի կրթական գործունեության կարևոր ուղղություններից է։ Ուսումնական գործընթացում դասավանդվում են «Մեդիագրագիտություն» և «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցում» դասընթացները, որոնց շրջանակում ապագա ուսուցիչները ձեռք են բերում տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու, մեդիաազդեցությունները գնահատելու, ապատեղեկատվությունը տարբերակելու և թվային միջավայրում պատասխանատու վարքագիծ դրսևորելու գիտելիքներ ու հմտություններ։

Ամբիոնը համագործակցում է «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի և Հանրային լրագրության ակումբի հետ։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև գործընկեր կառույցների պատրաստած ուսումնական ձեռնարկներն ու մեդիագրագիտությանն առնչվող մեթոդական նյութերը։

«Նախաձեռնության կարևոր նպատակներից է, որ ապագա մանկավարժները ոչ միայն իրենք լինեն մեդիագրագետ, այլև ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն իրենց ապագա աշակերտներին՝ ձևավորելով քննադատական մտածողությամբ, տեղեկատվությունը գնահատելու և պատասխանատու որոշումներ կայացնելու կարողությամբ օժտված սերունդ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսիեն Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ համալսարանում ձևավորվող մեդիագրագիտության մշակույթն իր շարունակությունը կգտնի նաև դպրոցում։

Միջոցառումների շարքը շարունակվեց «Ազատ խոսքի սահմանները» թեմայով բանավեճով։ Քննարկման ընթացքում անդրադարձան ազատ խոսքի հնարավորություններին ու սահմաններին, խոսքի և պատասխանատվության փոխհարաբերությանը, տեղեկատվության հավաստիության խնդիրներին և ապատեղեկատվության տարածման ռիսկերին։

Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում նոյեմբերի 19-ին ամբիոնի նախաձեռնությամբ ՀՊՄՀ-ի Պատմության թանգարանի նախասրահից կմեկնարկի նաև «Մի՛ տարածիր, մինչև չստուգես» իրազեկման արշավը։