Քաղաքացիների ընդունելության կարգը՝ ՀՊՄՀ-ում
18.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանի հրամանով Մանկավարժական համալսարանում գործում է քաղաքացիների ընդունելության նոր կարգ։
Այն նպատակն ունի քաղաքացիների հետ հաղորդակցությունը դարձնել առավել համակարգված, մատչելի և արդյունավետ՝ ապահովելով բարձրացված հարցերի համակողմանի քննարկումը, դրանց լուծման ընթացքի վերահսկողությունն ու քաղաքացիներին պատշաճ իրազեկումը։
Համաձայն նոր կարգի՝ ռեկտորի մոտ քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում՝ նախապես հայտարարված օրը և ժամին։
Պրոռեկտորների մոտ ընդունելության համար ևս սահմանված են հստակ օրեր․ Ուսումնական գործընթացների և գիտության հարցերով պրոռեկտորներն ընդունելություն կիրականացնեն յուրաքանչյուր հինգշաբթի, իսկ Ընդհանուր հարցերով պրոռեկտորը՝ յուրաքանչյուր ուրբաթ՝ նախապես հայտարարված ժամին։
Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները քաղաքացիներին կընդունեն վերջիններիս դիմելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, նախապես համաձայնեցված ժամին։
Հրատապ խնդիրներին լուծում կտրվի հնարավորինս սեղմ ժամկետում։ Անհրաժեշտության դեպքում ընդունելությունները կարող են կազմակերպվել նաև կողմերի փոխհամաձայնությամբ սահմանված այլ ժամկետներում։
Ռեկտորի մոտ ընդունելության կարող են գրանցվել այն քաղաքացիները, որոնք արդեն դիմել են պրոռեկտորներին կամ համալսարանի վարչակազմին, սակայն չեն ստացել իրենց հարցերի վերաբերյալ բավարար, հստակ կամ ամբողջական պատասխաններ, կամ որոնց խնդրի լուծման համար անհրաժեշտ է ռեկտորի վերջնական դիրքորոշումն ու հանձնարարականը։
Պրոռեկտորների մոտ ընդունելության կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք իրենց հուզող հարցով դիմել են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, սակայն ստացված պատասխանը կամ պարզաբանումը չի բավարարել իրենց, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետում դիմումի պատասխան չեն ստացել։
Կարգով նախատեսված են նաև դեպքեր, երբ քաղաքացին կարող է անմիջապես դիմել ռեկտորին կամ համապատասխան պրոռեկտորին՝ առանց ստորադաս ստորաբաժանումներին նախապես դիմելու։
Քաղաքացիները ընդունելության օրվա և ժամի կամ ընդունելության կազմակերպման անհնարինության մասին կտեղեկացվեն դիմումը ստանալուց հետո առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում՝ դիմումում նշված էլեկտրոնային կամ փոստային հասցեով կամ հեռախոսազանգի միջոցով։
Ընդունելությանը հնարավոր է ներկայանալ անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով՝ օրենքով սահմանված կարգով լիազորությունը հավաստող փաստաթղթի ներկայացմամբ։
Նոր կարգի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ բուհի պաշտոնական կայքում, հետևելով հղմանը՝ https://aspu.am/application/upload/document_file/0a7a6510.pdf ։