ՀՊՄՀ-ն հյուրընկալեց Erasmus+ PROVE ծրագրի արտաքին գնահատողին
18.11.2026
Erasmus+ PROVE՝ «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասում» ծրագրի արտաքին գնահատող, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Իրմա Գրձելիձեն Մանկավարժական համալսարանում էր։ Այցի նպատակն էր ծանոթանալ ծրագրի արդյունքներին, գնահատել դրանց արդյունավետությունն ու կայունությունը։
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի աշխատանքային խմբերի անդամները, դրա շրջանակում վերապատրաստված ուսուցիչները, ուսանողներն ու աշակերտները։
Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետ Գոհար Առաքելյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, իսկ դպրոցներում իրականացված համայնքային գործողությունների ծրագրերի մասին պատմեցին դրանցում ներգրավված ուսանողները։
Իրականացվել է երեք համայնքային գործողությունների ծրագիր, որոնցից մեկը՝ Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։ Նախաձեռնություններն ուղղված էին կիբերբուլինգի կանխարգելմանը, հոգեկան բարեկեցության խթանմանը և Վանաձորում համայնքային տարածքների բարելավմանը։ Ծրագրերին մասնակցել է ավելի քան 100 աշակերտ։
Մասնակիցների խոսքով՝ նախաձեռնությունների արդյունքում աշակերտների շրջանում բարձրացել է կիբերբուլինգի վերաբերյալ իրազեկվածությունը, ամրապնդվել են նման դեպքերին արձագանքելու և միջամտելու պատրաստակամությունը, ինչպես նաև հոգեկան առողջության մասին բաց խոսելու կարևորության գիտակցումը։ Վանաձորում աշակերտների նախաձեռնությամբ և համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպվել է նաև մաքրման օր։
ՀՊՄՀ վարժարանի հոգեբան Մարիամ Գևորգյանը, որը համակարգել է դպրոցում իրականացված համայնքային գործողությունների ծրագրերը, ներկայացրեց VaKE մեթոդի կիրառման արդյունքները՝ անդրադառնալով դրա ազդեցությանը աշակերտների և կրթական միջավայրի վրա։
Ծրագրի շրջանակում մշակված և ներկայումս փորձարկվող «Գիտելիքահեն և արժեքահեն կրթությունը խաղաղաշինական կրթության համար» դասընթացի մասին իրենց տպավորությունները ներկայացրին նաև ուսանողները։ Նրանք հատկապես արդյունավետ համարեցին բարոյական երկընտրանքների շուրջ քննարկումները, որոնք նպաստում են քննադատական մտածողության զարգացմանը, տարբեր տեսակետների նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու սեփական դիրքորոշումը հիմնավորելու կարողության ամրապնդմանը։
Ծրագրի շրջանակում վերապատրաստված թիվ 95 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սյուզաննա Մկրտչյանը, որը հանդիպմանը մասնակցում էր իր աշակերտների հետ, ներկայացրեց դասարանում VaKE մեթոդի կիրառման սեփական փորձի և աշակերտների արձագանքների մասին։
Արտաքին գնահատող Իրմա Գրձելիձեն բարձր գնահատեց ծրագրի արդյունքները՝ կարևորելով դրանց շարունակականությունն ու տարածումը։ Նա առաջարկեց ստեղծել ծրագրով վերապատրաստված ուսուցիչների և մասնակիցների ցանց՝ փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություններ ընդլայնելու նպատակով, ինչպես նաև ավելացնել վերապատրաստումների ծավալը։
Վերջին հրապարակումներ
-
18.11.2026
Քաղաքացիների ընդունելության կարգը՝ ՀՊՄՀ-ում