Մանկավարժական պրակտիկա․ տեսական գիտելիքից դեպի գործնական փորձ

27.11.2026
Մանկավարժական պրակտիկա․ տեսական գիտելիքից դեպի գործնական փորձ

ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի «Աշխարհագրություն» բաժնի հեռակա համակարգի ուսանողները Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների հետ մանկավարժական պրակտիկայի շրջանակներում մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսին, ինչպես նաև «365 օր՝ բացահայտելու Հայաստանը» խորագրով պանելային քննարկմանը։

Պրակտիկայի ղեկավար, մեթոդիստ Վարդուհի Հովհաննիսյանի և աշխարհագրության ուսուցիչ Կարինե Սարգսյանի ուղեկցությամբ ուսանողներն այցելեցին ցուցահանդեսի տաղավարներ, մասնակցեցին աշխարհագրական և հայրենագիտական վիկտորինաների՝ արժանանալով հետաքրքիր ու ստեղծագործական մրցանակների։

Միջոցառումը հնարավորություն տվեց ուսանողներին և աշակերտներին ընդլայնելու իրենց գիտելիքները Հայաստանի հայտնի և դեռևս քիչ բացահայտված զբոսաշրջային վայրերի, համայնքային զարգացման ծրագրերի, բնության հուշարձանների, տնտեսական զարգացման հեռանկարների, կլիմայի փոփոխության ազդեցության, ինչպես նաև լեռնային տարածքների զբոսաշրջային ներուժի արդյունավետ օգտագործման վերաբերյալ։

«Արտադասարանային այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստեց մասնակիցների աշխարհագրական և հայրենագիտական գիտելիքների ամրապնդմանը, այլև կարևոր հարթակ դարձավ բուհ-դպրոց համագործակցության, ուսանողների և աշակերտների միջև դրական կապերի ձևավորման ու խորացման համար։ Կրթական հաստատությունների համագործակցությունը շարունակական բնույթ է կրում՝ միտված համատեղ կրթադաստիարակչական նախաձեռնությունների իրականացմանը»,-նշեց Վարդուհի Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ մանկավարժական պրակտիկայի բովանդակությունը հարստանում է ոչ միայն դասավանդման և դասալսումների, այլև գործնական պարապմունքների ու արտադասարանային միջոցառումների միջոցով, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս տեսական գիտելիքները կիրառելու իրական կրթական միջավայրում և ձեռք բերելու մասնագիտական փորձ։