80 տարվա գիտակրթական ժառանգություն․ հոգեբանները տոնեցին հոբելյաններ

27.11.2026
80 տարվա գիտակրթական ժառանգություն․ հոգեբանները տոնեցին հոբելյաններ

Մանկավարժական համալսարանում այսօր անցկացվեց կրթամշակութային աշխատաժողով՝ նվիրված ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադրման 30-ամյակին, Հոգեբանության ամբիոնի հիմնադրման 80-ամյակին, ինչպես նաև «Հոգեբանություն», «Սոցիոլոգիա», «Սոցիալական մանկավարժություն» և «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների մասնագիտական տոներին։

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել մասնագիտությունների առանձնահատկությունները, գործունեության հիմնական ուղղությունները, ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները՝ խթանելով ուսանողների, դասախոսների, մասնագետների և դպրոցականների միջև համագործակցությունը։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն ընդգծեց ֆակուլտետի կարևոր դերակատարությունը համալսարանի առաքելությանը համապատասխան մասնագետների պատրաստման գործում։

Արաքսիա Սվաջյանի մասնագիտական տոները լավ առիթ համարեց արժևորելու ոլորտի անվանի գիտնականների, ամբիոնների հիմնադիրների, ինչպես նաև այսօր ֆակուլտետում գործունեություն ծավալող դասախոսների, աշխատակիցների, ուսանողների և շրջանավարտների ներդրումն ու մասնագիտական ժառանգությունը։

Ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց հոգեբանի մասնագիտական ծառայության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին այն դառնում է առավել գիտակցված և պահանջված։ Դպրոցներում հոգեբանական ծառայությունն աստիճանաբար կայանում է, իսկ համալսարանի և հատկապես ֆակուլտետի կարևոր առաքելություններից մեկը երեխաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ սոցիալական աշխատողների պատրաստումն է։

Խոսելով սոցիոլոգների մասնագիտական դերի մասին՝ նա ընդգծեց սոցիոլոգիական գիտելիքի և հետազոտությունների կարևորությունը տարբեր գիտակարգերում և հասարակական գործընթացների ուսումնասիրման ու գնահատման գործում։

«80 տարվա գիտակրթական ժառանգություն, 30 տարվա ինստիտուցիոնալ զարգացում և ապագային միտված մասնագիտական առաքելություն. մասնագիտություն և նվիրում» խորագրով աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լիդա Արամյանը։

Նա ընդգծեց, որ ֆակուլտետը միավորում է ոչ միայն չորս մասնագիտական ուղղությունները՝ հոգեբանություն, սոցիոլոգիա, սոցիալական մանկավարժություն և սոցիալական աշխատանք, այլև գիտության ու հասարակական կյանքի փոխկապակցված այն ոլորտները, որոնց կենտրոնում մարդն է՝ իր անհատականությամբ, սոցիալական հարաբերություններով, զարգացման հնարավորություններով և հասարակության մեջ ունեցած դերակատարությամբ։

Լիդա Արամյանը ներկայացրեց ֆակուլտետի հիմնադրման պատմությունը, կառույցի ակունքներում կանգնած նվիրյալներին և այսօրվա ձեռքբերումները։
Նա ընդգծեց, որ աշխատաժողովի նպատակն է ոչ միայն ներկայացնել ֆակուլտետի մասնագիտությունների առանձնահատկությունները, այլև խթանել ուսանողների մասնագիտական ինքնագիտակցությունը, միջգիտակարգային մտածողությունը և գիտելիքը գործնականում կիրառելու պատրաստակամությունը։

Աշխատաժողովի ընթացքում ամբիոնների վարիչներն անդրադարձ իրենց ստորաբաժանումների ձևավորման պատմությանը, անցած ճանապարհին, մասնագիտական ավանդույթներին և զարգացման հեռանկարներին։ Հիշողություններն ու դիտարկումները ներկայացրին նաև ֆակուլտետի հիմնադրման ակունքներում կանգնած նվիրյալները։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց «Ինչո՞ւ ընտրեցի հոգեբանի մասնագիտությունը» խորագրով տեսահոլովակ, ներկայացվեց նաև «Կրթության հոգեբանի մեկ աշխատանքային օրը» թեմայով բեմականացում։

Ինտերակտիվ մասնագիտական հարթակում ներկայացված էին հոգեբանական գրքեր, տեղեկատվական նյութեր, ինքնաճանաչման և մասնագիտական կողմնորոշման անկյուններ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու պրոյեկտիվ մեթոդներին, մասնակցելու «Mind LAB»-ի աշխատանքներին, ինչպես նաև դիտարկելու ուսանող-դասախոս համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։

Առանձին հարթակներում ներկայացվեցին կախվածությունների և անձի փոխկապակցվածության, կրթական միջավայրում հոգեբանական բարեկեցության, հայ հոգեբանության մեծագույն գիտնականների և նրանց գիտական ժառանգության, ինչպես նաև սոցիալական մանկավարժի դերի ու նշանակության վերաբերյալ թեմաներ։

«Մասնագիտություններ, որոնք փոխում են կյանքեր» խորագրով հանդիպումների ընթացքում ներկաները ծանոթացան սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի մասնագիտություններին, դրանց նշանակությանն ու մասնագիտական գործունեության հեռանկարներին։

Ծրագրում ընդգրկված էին նաև «Հանդիպում մասնագիտության հետ» ձևաչափով քննարկումներ՝ ոլորտում գործող հոգեբանների, սոցիալական մանկավարժների, սոցիալական աշխատողների և մասնագիտական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատաժողովի ընթացքում եղան հոգեբանական վարպետության դասեր և թրենինգներ:

Միջոցառումն ամփոփվեց շնորհակալագրերի հանձնման արարողությամբ։