Կայքը փորձարկման փուլում է։

Կայացավ Բանասիրական ֆակուլտետի խորհրդի նիստը

01.12.2025
Կայացավ Բանասիրական ֆակուլտետի խորհրդի նիստը

Տարեվերջին ընդառաջ՝ ՀՊՄՀ 10 ֆակուլտետներում կայանում են խորհրդի ընդլայնված նիստեր։ Մեկնարկն այսօր  Բանասիրական ֆակուլտետում էր․ խորհրդի անդամներից բացի, նիստին ներկա էր նաև բուհի ղեկավար կազմը։

 

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը խորհրդանշական համարեց, որ առաջին հանդիպումը կայանում է բուհի հիմնադիր ֆակուլտետում․ նման ձևաչափով   հանդիպումներն էլ կարևորեց հաշվետվողականության, միմյանց լսելու, խնդիրները վերհանելու, ապագային հետադարձ հայացք գցելու, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները նախանշելու առումով:

 

Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց՝ իր աշխատանքում 3 կարևոր սկզբունքով է առաջնորդվում՝ պատասխանատվություն, թափանցիկություն, կարգապահություն։ Լիահույս է՝ այս և  միմյանց հետ համագործակցելու սկզբունքով կառաջնորդվեն նաև ներկաները։

 

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը ներկայացրեց ֆակուլտետի  2025 թվականի հաշվետվությունը, առաքելությունն  ու նպատակները, անդրադարձավ որակի ապահովման խնդիրներին, ընդգծեց՝ վերանայել են ֆակուլտետի բակալավրի և մագիստրոսի մասնագիտական կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման և իրականացման նորմատիվային փաստաթղթերը,  ընթացիկ  տարում  կազմվել են նոր ուսումնական պլաններ:

 

Աշոտ Գալստյանն անդրադարձավ նաև ֆակուլտետի ուսումնառողներին, գիտական գործունեությանը, արտաքին և ներքին կապերին, ֆակուլտետի միջազգայնացմանը։

 

Ֆակուլտետի բարձր հեղինակություն, ակադեմիական միջավայրի առկայություն, պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ ընդգրկվածությունը գիտական հոդվածների հրատարակման գործընթացում, ուսումնամեթոդական գրականության և տեղեկատվական ռեսուրսների ապահովվածության բարձր մակարդակ և այլն․ ֆակուլտետի ղեկավարը ներկայացրեց կառույցի առավելությունները, որպես խնդիր էլ դիտարկեց պրակտիկ գործունեության պասիվությունն ու  փորձարարության ոչ գերազանց բազան, պրակտիկաների ապահովման բազայի և շրջանավարտների աշխատանքի տեղավորման դժվարությունները։

 

Ֆակուլտետի խորհրդի անդամ, Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը հավաստիացրեց՝ կկիրառեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշած դրույթները, ապա հավելեց՝ գիտակցում են՝ երկրի հիմքը մակավարժն է, մասնագիտությունն էլ  ռազմավարական կարևոր նշանակություն ունի։

 

Ֆակուլտետի նիստն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով․ դրույքաչափերի վերանայում, այլընտրանքային դասագրքերով ապահովում, բուհ-դպրոց առավել սերտ կապ, դպրոցում պրակտիկայի ժամաքանակի ավելացում, դասախոսական աշխատանքում հետազոտական բաղադրիչի վերանայում և այլն․  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց՝ հանդիպումը նաև առիթ է՝ բաց խոսելու առկա խնդիրների մասին, քատեզագրելու անելիքները։

 

Լիլիթ Մկրտչյանը  հավելեց, որ կրթությունը գիտի բոլոր կողմերից, խորությամբ է պատկերացնում  կրթական ողջ գործընթացը, ներգրավված է եղել կրթության տարբեր ոլորտներում,  իսկ որոշ դեպքերում հեղինակ կամ համահեղինակ է։

 

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրեց՝ պատրաստակամ են  քննարկել, ուղղորդել, մեկնաբանել  առկա  խնդիրները, աճ և զարգացում ունենալու համար։ Նա  անդրադարձավ ուսուցչի հեղինակության վերականգմանը միտված պետության վարած քաղաքականությանը,  դպրոց-բուհ կապը կառույցի առանցքային խնդիր համարեց, իսկ  որպես ամփոփում կարևորեց ուսանողի մտածողության ձևավորումը, որպեսզի վերջինս հասկանա՝ ամենակարևոր  առաքելությունն ունի։

 

Նիստի ավարտին Լիլիթ Մկրտչյանն ուսումնագիտական ակտիվ գործունեություն ծավալելու համար շնորհակալագրեր  հանձնեց Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանին, Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնակատար Գայանե Խալաթյանին, Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանին։