Կայքը փորձարկման փուլում է։

ՀՊՄՀ-ն Մոսկվայում մասնակցեց «Ուսանողական տուրիզմ- 2025» միջազգային ծրագրին

08.12.2025
ՀՊՄՀ-ն Մոսկվայում մասնակցեց «Ուսանողական տուրիզմ- 2025» միջազգային ծրագրին

Մոսկվայում անցկացվեց «Ուսանողական տուրիզմ- 2025» միջազգային ֆորում–փառատոնը, որին մասնակցեցին նաև Մանկավարժական համալսարանի ուսանողներ։

 

«Ուսանողական տուրիզմ»-ը ուսանողական ճամփորդությունների, կրթության և միջազգային երիտասարդական համագործակցության լայնածավալ ծրագիր է, որն այսօր միավորում է Ռուսաստանի 85 տարածաշրջանի 265 բուհերի, միջազգային գործընկեր բուհերի ուսանողական համայնքների։ Նրանց համար ճամփորդությունները հնարավորություն են ուսումնասիրելու, երթուղիներ ստեղծելու, գիտահանրամատչելի և կրթական տուրիզմի նոր ձևաչափեր զարգացնելու համար։

 

Ֆորումի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Պատրիս Լումումբայի անունը կրող Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում, որտեղ հավաքվել էին գործընկեր բուհերի կազմակերպչական կոմիտեների ղեկավարները, «Ուսանողական տուրիզմի դեսպաններ» հատուկ նախագծի լավագույն մասնակիցները, 230 համալսարանների ուսանողական տուրիստական ակումբների առաջնորդներ, օտարերկրյա ուսանողներ ու հրավիրված հյուրեր, առաջատար բուհերի ռեկտորներ և 18–35 տարեկան երիտասարդ մասնագետներ։

 

Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Օլգա Պետրովան ողջույնի խոսքում ընդգծեց․ «Հինգ տարվա ընթացքում «Ուսանողական տուրիզմ» ծրագիրն աճեց փորձնական նախաձեռնությունից մինչև մեծածավալ մասնագիտական համայնք, որը միավորում է բուհերին, շրջաններին և անգամ միջազգային գործընկերներին։ Այսօր ուսանողները ոչ միայն ճամփորդում են, այլև յուրացնում կարևոր հետազոտական և նախագծային հմտություններ, ծանոթանում կրթական կազմակերպությունների աշխատանքին, ստեղծում սեփական երթուղիներ։ Համայնքը աճում է, զարգանում և փոխվում։ Միջազգային ֆորում–փառատոնի ձևաչափը թույլ է տալիս լսել երիտասարդների պահանջները, տեսնել նոր սերնդի առաջնորդներին և միասին որոշել ուսանողական տուրիզմի զարգացման հետագա ուղղությունները»։

 

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության երիտասարդության պետական քաղաքականության և դաստիարակչական գործունեության վարչության միջազգային երիտասարդական համագործակցության և տուրիզմի բաժնի պետ Կոնստանտին Մալիշևը փառատոնի բացմանը նշեց․ «Ֆորում–փառատոնը ցույց է տալիս, թե որքան լուրջ է զարգանում ուսանողական տուրիզմը։ Երիտասարդների համար սա աճի տարածք է, որտեղ առկա է իրական պահանջարկ երթուղիների նախագծման, համայնքների հետ աշխատանքի, նոր ձևաչափերի ստեղծման համար։ Մեր խնդիրը նախաձեռնություններին աջակցելն է, որպեսզի բուհերում ձևավորվեն կայուն թիմեր, որոնք կզարգացնեն ուսանողական ակումբները, կրթական արշավները և ստեղծագործական տուրիստական արտադրանքը»։ 

 

Երեք օրերի ընթացքում ուսանողները մասնակցեցին ռազմավարական պլանավորման և ստեղծագործական աշխատանքների, վարպետաց դասերի, քննարկումների, ներկայացրին իրենց մշակած երթուղիներն ու լուծումները, ձևակերպեցին  ներքին և միջազգային ուսանողական տուրիզմի զարգացման հեռանկարները։

 

Ֆորում–փառատոնի ընթացքում տեղի ունեցավ լավագույն փորձերի ռետրոսպեկտիվ ներկայացում, մասնակիցները ծանոթացան գործընկերների փորձին, զարգացրին թիմային աշխատանքի հմտությունները և ներկայացրին բուհերում ու տարածաշրջաններում ստեղծված նախագծերը։

 

«Այսօր մասնակիցները ստեղծեցին սեփական երթուղիներ, իրականացրին հետազոտական նախագծեր, ծանոթացան Ռուսաստանի և գործընկեր երկրների, տարբեր տարածաշրջանների մշակույթին ու գիտությանը։ Հինգ տարիների ընթացքում մենք տեսանք, թե ինչպես են սովորական ճամփորդությունները վերածվում լիարժեք կրթական նախագծերի, որտեղ ուսանողները սովորում են թիմային աշխատանք, ձևավորում առաջնորդական հմտություններ և ներկայացնում իրենց գաղափարները ազգային ու միջազգային հարթակներում։ Ֆորումը միավորում է բոլոր նրանց, ովքեր փոխում են ուսանողական տուրիզմը և դարձնում այն ժամանակակից երիտասարդական քաղաքականության կարևոր մաս», — նշեց «Ուսանողական տուրիզմ» ծրագրի ղեկավար Սվետլանա Նեխորոշևան։

 

Ֆորումի ավարտին, հանդիսավոր արարողության ժամանակ  ծրագրի լավագույն մասնակիցներն ու գործընկեր բուհերի ներկայացուցիչները պարգևատրվեցին։

 

Միջոցառումն ավարտվեց ուսանողական տուրիզմի, համատեղ ծնված գաղափարների, ընկերության և բացահայտումների տոնախմբությամբ, որը համախմբեց ռուսական և միջազգային փորձը։

 

Այս ֆորումն ուսանողական ճամփորդությունների դերի և ուսանողական տուրիզմի՝ որպես ժամանակակից կրթական գործիքի, լավագույն վկայությունն է՝ընդգծեցին կազմակերպիչներն ու մասնակիցները։