Գեղարվեստական կրթության ֆակուլտետը 60 տարեկան է․․․

09.12.2025
Գեղարվեստական կրթության ֆակուլտետը 60 տարեկան է․․․

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետը նշում է հիմնադրման 60-ամյա հոբելյանը։ Ֆակուլտետն իր գործունեության ընթացքում կրթել և մասնագիտացրել է հազարավոր շրջանավարտների, որոնց զգալի մասը դարձել են իրենց գործի նվիրյալ մանկավարժ-արվեստագետներ:

 

Հիմնադրման օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու նկատեց՝ պատմական բոլոր ժամանականերում համալսարանները հայտնի են եղել իրենց ոլորտում ազդեցություն ունեցած դասախոսներով և ուսանողներով։ Ըստ նրա, Գեղարվեստական կրթության ֆակուլտետը ևս առանձնանում է հասարակությանը կրթելու, արժեք թելադրելու և ստեղծելու իր դերակատարմամբ։

 

Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ծավալած բեղուն գործունեության համար  «Մանկավարժական համալսարան» մեդալ շնորհեց ՀՀ ժողովրդական նկարիչ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի առաջին սերնդի շրջանավարտ Հրանտ Թադևոսյանին։

 

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը  ներկայացրեց կառույցի հիմնադրման  և զարգացման պատմությունն ու նշեց՝ այսօր էլ ֆակուլտետը շարունակում է իր մեծերի գործունեությունը՝ արվեստաբանության, կերպարվեստի, երաժշտության, դեկորատիվ-կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման ոլորտներում պատրաստելով  առաջատար մասնագետներ։

 

Տարբեր տարիներին ֆակուլտետում դասավանդել են անվանի արվեստագետներ, որոնք մեծ դեր են խաղացել կրթության և արվեստի զարգացման գործում։

 

Միջոցառմանն, ի թիվս բազմաթիվ հյուրերի, ներկա էր նաև ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, որը տարիներ առաջ ղեկավարել է Կերպարվեստի ամբիոնը։ Նշում է՝ ֆակուլտետի հիմքում են արվեստի ոլորտի  անվանի ներկայացուցիչներ՝ Հովհաննես Զարդարյան, Ղուկաս Չուբարյան, Զաքար Խաչատրյան և տասնյակ այլ արվեստագետներ, որոնց գործը շարունակել է սիրով, ինչը կյանքի մեծագույն չափանիշն է։

 

«60 տարի․թվում է՝ կարճ ժամանակահատված է, բայց ահռելի  և անգնահատելի աշխատանք է կատարված։  Սերունդների կրթություն, անձնվեր գործ, հետաքրքիր նախագծերի իրականացում,  թռիչքաձև զարգացում՝ ի նպաստ երիտասարդության և արվեստի տարբեր ոլորտների»,- ընդգծելով ֆակուլտետի կարևորությունը՝ նշեց  Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

 

Նա կարևորեց միության և ֆակուլտետի սերտ համագործակցությունն ու  այն պարտավորեցնող համարեց։

 

Սուրեն Սաֆարյանը հավելեց՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետն իր համար կրկնակի թանկ է․այստեղ է դասավանդել  պապը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սուրեն Սաֆարյանը, որի անունն է կրում ֆակուլտետի արվեստանոցներից մեկը։

 

Երաժշտական կատարումներ, դեֆիլիե, արվեստի գործերի ցուցադրություն․միջոցառմանը ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները ներկայացրին  մասնագիտություններն ու արվեստում ունեցած իրենց ներդրումը։