Մասնակցեցին միջազգային առցանց գիտաժողովի
10.04.2026
ՀՊՄՀ-ի և Արմավիրի պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ անցկացվեց «Անձի զարգացումը կրթական համակարգերում» թեմայով միջազգային առցանց գիտաժողով։
Ձեռնարկը համախմբել էր գիտական և մասնագիտական հանրույթին՝ քննարկելու ժամանակակից կրթական համակարգերում անձի զարգացման տեսական և կիրառական հիմնահարցերը, ներկայացնելու հետազոտություններ, փոխանակվելու մասնագիտական փորձառությամբ։
Մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ Գիտական հարցերով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ու գիտաժողովի թեման կարևորեց հատկապես կրթության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերների և շարունակվող փոխակերպումների պայմաններում։
Ըստ նրա, արագ փոփոխվող աշխարհի կրթական համակարգին անհրաժեշտ են նոր մեթոդներ և մոտեցումներ․ այն պետք է մշտապես վերանայվի և կատարելագործվի՝ առավել արդյունավետ կերպով համապատասխանելու յուրաքանչյուր սովորողի կարիքներին, հնարավորություններին՝ ապահովելով հաջող ապագա․ «Մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից բարձրագույն մանկավարժական կրթության գլխավոր խնդիրներից մեկն էլ որպես մասնագետ ապագա ուսուցչի մասնագիտական անհատականության ձևավորումն է, որը կարող է արդյունավետ կերպով իրացվել մասնագիտական գործունեության մեջ։ Միևնույն ժամանակ նրա կրթության որակն անմիջականորեն պայմանավորված է մեր համատեղ աշխատանքի արդյունքներով»,-նշեց Մարիամ Իսպիրյանն ու հավելեց՝ արժևորում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։ Նրա կարծիքով, միայն համատեղ և ներդաշնակ աշխատանքի շնորհիվ է հնարավոր համալսարանական կրթության ոլորտում հասնել հաջողությունների։
ՀՊՄՀ պրոռեկտորը հույս հայտնեց, որ օրվա քննարկումները կլինեն արդյունավետ, իսկ առաջարկվող մոտեցումներն ու գաղափարները կկիրառվեն հետագա մասնագիտական գործունեությունում։
«Անձի զարգացումը կրթական համակարգերում» թեմայով միջազգային առցանց գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի և ՌԴ-ի գիտակրթական ոլորտի մասնագետներ, մեթոդիստներ, գիտահետազոտողներ, դասախոսներ, ասպիրանտներ, մագիստրանտներ, դպրոցների ուսուցիչներ, կրթության ոլորտի մասնագետներ։
Քննարկվեցին մի շարք կարևոր գիտական ուղղություններ, մասնավորապես՝ կրթության մեջ անձի զարգացման տեսական և մեթոդաբանական հիմքերը, կրթական միջավայրում անձի զարգացման տարիքային դինամիկան, սովորողի սուբյեկտայնության և ինքնավարության զարգացումը, կրթական գործընթացում մոտիվացիայի և իմաստավորման խնդիրները, անձի զարգացման հետազոտական մեթոդներն ու գնահատման համակարգերը և այլն։
ՀՊՄՀ-ից գիտաժողովին մասնակցում էին Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Պողոսյանն ու Սկզբնական կրթության ֆակուլտետի մագիստրոս Կարինե Ավալյանը։ Նրանք ներկայացրին «Ուսանողների դիմադրությունը բուհում որպես ժամանակակից մանկավարժական խնդիր» և «Առցանց պարապմունքները որպես ավագ նախադպրոցականների խոսքի զարգացման ժամանակակից մեթոդ» թեմաները։ Ծավալվեց մասնագիտական քննարկում։
Վերջին հրապարակումներ
-
30.11.-0001Համագործակցություն՝ ի նպաստ կրթության բարելավման