Կայքը փորձարկման փուլում է։

Գիտության հետ միասին՝ դեպի առողջություն

10.04.2026
Գիտության հետ միասին՝ դեպի առողջություն

Մանկավարժական համալսարանում կայացավ սեմինար-քննարկում՝ նվիրված Առողջության միջազգային օրվան։ Այս տարի այն կրում էր խորհրդանշական՝ «Միասին դեպի առողջություն, միասին գիտության հետ» խորագիրը։ Որպես առողջապահական արդիական մարտահրավեր ընտրվել էր տուբերկուլյոզ հիվանդությունը։

Հանդիպման նպատակն էր երիտասարդների շրջանում ձևավորել պատասխանատու վերաբերմունք սեփական կյանքի նկատմամբ, դիտարկել մարդկային կյանքի ամենակարևոր արժեքներից մեկը՝ առողջությունը, քննարկել և բարձրաձայնել իրազեկվածությունն այս հիվանդության առողջապահական, սոցիալական և տնտեսական կործանարար հետևանքների վերաբերյալ։

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված ձեռնարկը համախմբել էր բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողների։

Թեմայի վերաբերյալ նախ անցկացվեց հարցում, ապա ի՞նչ է տուբերկուլյոզը, առաջացման պատճառները, կլինիկական դրսևորումներն ու թեման գիտականորեն ներկայացրին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները։

Ինչպես նշեցին նրանք՝ տուբերկուլյոզն իր հազարամյա պատմության ընթացքում միայն բժշկական խնդիր չի եղել․ այն իր հետքն է թողել մարդկության մշակութային և լեզվական ժառանգության մեջ։

Միջոցառմանը Բանասիրական և Օտար լեզուների ֆակուլտետների ուսանողները ներկայացրին գրական ստեղծագործություններ, որոնց հեղինակները ևս պայքարել են այդ հիվանդության դեմ, ապա գրական կերպարների և պատմական ակնարկների աշխարհից անցում կատարվեց տեսողական արվեստի աշխարհ։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները արվեստի տարբեր ճյուղերի միջոցով հաստատեցին՝ արվեստը դարեր շարունակ ոչ միայն փաստագրել է հիվանդության դեմ մարդու պայքարը, այլև դարձել է ապաքինման հոգեբանական ինքնատիպ միջոց։

Իսկ ապագա կենսաքիմիկոսներն էլ պարզաբանեցին՝ տուբերկուլյոզը բուժելի հիվանդություն է, թե ոչ։

Ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանը միջառարկայական գիտական սեմինարի շրջանակներում կարևորեց բժշկության և արվեստի երկխոսությունը։ Նա նկատեց՝ բուհում դասավանդող բժիշկներին և ֆիզիոլոգներին հաճախ են հարցնում՝ ինչպես է ասոցոցվում բժշկագիտությունը մանկավարժության հետ։
Ըստ նրա, օրվա խորագիրը մեկ անգամ ևս աացուցեց բժշկագիտության առանցքային դերը մանակավարժական կոմպետենցիաների զարգացման մեջ, արձանագրեց, որ առողջ և գրագետ սերունդ դաստիարակելու գործում ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև աշակերտների հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական պահապանը․ «Ավելին, նա առողջապահական մշակույթի և առողջապահական գիտակցության ձևավորողն է․ հետևապես՝ բժշկի և մանկավարժի համագործակցությամբ է տեղի ունենում առողջ, հոգեպես կայուն, սոցիալապես պատրաստված և մտածող սերնդի ձևավորումը»։

Միջոցառման մասնակիցները նշեցին՝ բազմակողմանի քննարկումը մեկ անգամ ևս ապացուցեց, որ առողջությունը բացարձակ արժեք է, որը ահանջում է համալիր մոտեցում, իսկ գիտելիքը, գրական խոսքը և արվեստի բուժիչ ուժը միասին ստեղծում են այն ամուր հիմքը, որի վրա հենվում է ժամանակակից առողջապահությունը։