Կայքը փորձարկման փուլում է։

Պատմությունը՝ խաղի, մշակույթի և մրցակցության լեզվով

07.05.2026
Պատմությունը՝ խաղի, մշակույթի և մրցակցության լեզվով

ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում կայացավ ինտերակտիվ խաղ-մրցույթ, որը մեկ հարթակում էր համախմբել ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և  Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի  աշակերտներին։

 

Նախաձեռնության կազմակերպիչը Հայոց պատմության ամբիոնի դասախոս Արմինե Եփրիկյանինն էր։ Մրցույթի  նպատակն էր ստուգել մասնակիցների գիտելիքները՝  հայոց պատմության, ազգային սովորույթների, հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության, ինչպես նաև ազգային երգ ու պարի  վերաբերյալ։

 

Խաղ-մրցույթը սովորական գիտելիքային ստուգարք չէր․ այն կառուցված էր թվային և խաղային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ պատմությունը վերածելով կենդանի ու ինտերակտիվ հաղորդակցության։

 

Մասնակից աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատասխանում հայկական ավանդական պարերի խորհրդաբանության, հայրենասիրական երգերի պատմության և ազգային մշակույթի վերաբերյալ հարցերին։ Ջերմ ու առողջ մրցակցային մթնոլորտում ձևավորվել էր ոչ միայն գիտելիքի պայքար, այլև մշակութային երկխոսություն։

 

Ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն արդեն ավանդական դարձած ձեռնարկը դպրոց-համալսարան համագործակցության ինքնատիպ դրսևորում և համագործակցության հաջողված օրինակ համարեց։ Նրա խոսքով՝ նախաձեռնության առանցքային նպատակը հաղթողների և պարտվողների սահմանումը չէ, այլ կրթական ու դաստիարակչական կարևոր առաքելության իրականացումը՝ հայոց պատմության վերաբերյալ գիտելիքների ձևավորումն ու ամրապնդումը։

 

Մրցույթի ընթացքում ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի թիմը առաջնորդվում էր  «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս մեզ համար խաբուսիկ են բոլոր դրախտները», իսկ Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի սաները՝ «Անցյալից ուժ, ապագայից հաղթանակ» կարգախոսներով։

 

Աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանեցին հարցերին․խաղն անցավ ջերմ և առողջ մրցակցային մթնոլորտում։ Ավարտին մասնակիցները հեռացան ոչ միայն պատվոգրերով ու նոր գիտելիքներով, այլև նոր ընկերական կապերով և անմոռանալի տպավորություններով։

 

Միջոցառման կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ուսանողների համար խաղ-մրցույթը կարևոր գործնական փորձառություն էր՝ հնարավորություն տալով կիրառելու մանկավարժական և մեթոդական հմտությունները իրական կրթական միջավայրում։

 

Ամփոփելով նախաձեռնությունը՝ Արմինե Եփրիկյանը նշեց, որ նման ձևաչափերը փաստում են՝ պատմության ուսուցումը կարող է լինել ժամանակակից, դինամիկ և ոգեշնչող։ Ըստ նրա, նման միջոցառումները ոչ միայն հարստացնում են աշակերտների գիտելիքները, այլև նրանց հաղորդակից են դարձնում բուհական միջավայրին՝ նպաստելով պատմական հիշողության ամրապնդմանն ու ազգային ինքնության պահպանմանը դեռևս դպրոցական նստարանից։

 

Նշենք, որ մրցույթի արդյունքում 49․5 և 48․5 միավոր տարբերությամբ հաղթող ճանաչվեց ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի թիմը։