- Մեդիա > Նորություններ >Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ
Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ
05.10.2025
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության նվիրյալներ,
Սիրելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ մանկավարժական ընտանիք։
Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ։ Այս օրը բացառիկ հնարավորություն է երախտագիտությամբ արժևորելու ձեր անձնվեր առաքելությունը՝ սերունդներ կերտելու, գիտելիք տարածելու և արժեքներ սերմանելու գործը։
Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլև ձևավորում եք անհատականություն, դաստիարակում քաղաքացի, ուղեկից և խորհրդատու դառնում յուրաքանչյուր աշակերտի ճանապարհին։ Ձեր գործն անփոխարինելի է։ Ձեր խոսքն ու վերաբերմունքը հաճախ դառնում են ապագայի ընտրության սկիզբ։
Մանկավարժական համալսարանը, որպես հայ ուսուցչի դարբնոց, բարձր է գնահատում ձեր նվիրվածությունն ու հավատարմությունը կրթական մեծ առաքելությանը։ Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով, ովքեր իրենց գործունեությամբ պատվում են թե՛ համալսարանը, թե՛ ուսուցչի կոչումը։
Այս օրն առանձնահատուկ խորհուրդ ունի մեզ համար, քանզի ուսուցչի օրը տոն է ոչ միայն գործող ուսուցիչների, այլև նրանց համար, ովքեր պատրաստում են ուսուցիչ․ տոնն է նաև մեր համալսարանի, մեր գործի ու մեր հավատքի։
Մենք Մանկավարժական համալսարանում ամեն օր կառուցում ենք վաղվա դպրոցը՝ նախևառաջ ձևավորելով ուսուցչի կերպարը։ Եվ որքան մեծ ու պատասխանատու է այդ առաքելությունը, այնքան ավելի մեծ նվիրում, ջերմություն ու սեր է պահանջվում։ Ու հենց այդ սերն է, որ ապրում է մեր ուսանողի մեջ՝ որպես ապագա ուսուցիչ, մեր դասախոսի մեջ՝ որպես օրինակ ու մղիչ ուժ, մեր համալսարանի մեջ՝ որպես հիմնարար արժեք։
Այս տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու խորին շնորհակալություն մեր երկրի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև մեր համալսարանի ողջ անձնակազմին, ովքեր մասնակցում են ուսուցիչ կերտելու այս վեհ գործին։
Թող ձեր սրտերում երբեք չսպառվի լույսը, ձեր աչքերում չմարի հավատը, ձեր քայլերում՝ չթուլանա նպատակի ուժը։
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ՝ մաղթելով ստեղծագործ ուժ, ջերմեռանդություն և անսպառ ներշնչանք։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյան
Վերջին հրապարակումներ
-
03.10.2025Երդում, որ նաև պատգամ է, առաքելություն․․․
-
02.10.2025Մասնակցեց միջազգային գիտաժողովի