- Մեդիա > Նորություններ >«Պատմությունը երգերում»․նոր մոտեցում պատմության ուսումնասիրման և դասավանդման գործընթացում
«Պատմությունը երգերում»․նոր մոտեցում պատմության ուսումնասիրման և դասավանդման գործընթացում
24.09.2026
Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Պատմությունը երգերում» երիտասարդ պատմաբանների ամառային դպրոցը։ Երիտասարդ պատմաբաններն ու ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու բացառիկ դասախոսությունների, քննարկումների և գործնական աշխատանքների՝ ուսումնասիրելով պատմությանն առնչվող հետաքրքիր ու արդիական թեմաներ։
ՀՊՄՀ-ի նախաձեռնությամբ և Հայագիտական հետազոտությունները հովանավորող հիմնադրամի աջակցությամբ անցկացվող ծրագիրը միտված է մասնակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, պատմության ուսումնասիրման ու դասավանդման նոր մոտեցումների ներկայացմանը, ինչպես նաև տեսական գիտելիքը գործնականում ամրապնդելուն։
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը ծրագրի կարևորությունը հատկապես ընդգծեց գործող և ապագա ուսուցիչներին մեկ հարթակում համախմբելու տեսանկյունից, ինչը հնարավորություն է տալիս փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության, սկսնակների գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման համար։
«Մեր ընկալումներում հաճախ կա այն ավանդական մոտեցումը, որ պատմությունը տեքստ է, ստատիկ մի բան, բայց պատմությունը նաև շոշափելի է, պատմությունը նաև երգ է։ Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում պատմությանը նոր մեթոդաբանությամբ և ժամանակակից մտածողությամբ եք անդրադառնալու՝ փորձելով հասկանալ, թե ինչ ենք զգում, տեսնում և ընկալում երգերի միջոցով, ինչպես է երգը մեզ փոխանցում տվյալ ժամանակաշրջանի պատմությունը, ինչ պատմական շերտերի մասին է այն խոսում»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը։
Նա ընդգծեց, որ քաղաքական պատմության ուսումնասիրությունից զատ կարևոր է անդրադառնալ նաև տնտեսական, մշակութային և հասարակական պատմությանը։ Թեման առանձնահատուկ կարևորություն ունի Մանկավարժական համալսարանի համար, քանի որ բուհը պատրաստում է ուսուցիչ-պատմաբաններ, որոնք պետք է իմանան՝ ինչպես դասավանդել պատմությունը, հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ, բացահայտել պատմության տարբեր շերտերն ու հասնել դրա խորքային ընկալմանը։
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը տեղեկացրեց, որ «Պատմությունը երգերում» ամառային դպրոցը ամենամյա թեմատիկ վերապատրաստումների շարքի մեկնարկն է․ պատմության ուսուցման ընթացքում կան բազմաթիվ թեմաներ, որոնք պահանջում են լրացուցիչ ուսումնասիրություն և վերապատրաստում։
Դրանցից մեկն էլ երգն է, որը, բացի մշակութային արժեք լինելուց, կարևոր աղբյուրագիտական նշանակություն ունի և կարող է պատմական տարբեր իրողությունների ուսումնասիրման ու ներկայացման արդյունավետ միջոց դառնալ։
«Միաժամանակ կարևոր է ոչ միայն երգի պատմական բովանդակության, այլև դրա երաժշտական արժեքի և առանձնահատկությունների իմացությունը։ Երաժշտական նրբությունների ընկալումը, ինչպես նաև երգի հոգեբանամանկավարժական ասպեկտի դիտարկումը կարող են լրացուցիչ հնարավորություններ ստեղծել պատմության ուսուցման գործընթացում»,- ընդգծեց Խաչատուր Ստեփանյանը։
Նա ներկայացրեց «Երգը որպես պատմական սկզբնաղբյուր և հավաքական հիշողության կրող» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձավ երգին՝ որպես աղբյուրագիտական երևույթի, ներկայացրեց հավաքական հիշողության հայեցակարգը՝ խոսելով Մորիս Հալբվաքսի և Յան Ասմանի տեսական մոտեցումների մասին, ինչպես նաև հայկական և տարածաշրջանային նյութի օրինակներով ցույց տվեց երգի՝ պատմական հիշողության պահպանման և փոխանցման գործում ունեցած նշանակությունը։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ կարևորեց պատմության ուսումնասիրության բազմազան աղբյուրներին և այլընտրանքային միջոցներին ծանոթանալու անհրաժեշտությունը։
«Պատմությունը միայն գրքային տեքստերը չեն, այլ նաև աղբյուրներին ծանոթանալն ու այն այլընտրանքային միջոցների ուսումնասիրությունը, որոնք հնարավորություն են տալիս զգալու տվյալ ժամանակաշրջանի ոգին։ Դրանցից մեկն էլ երգն է»,-նշեց Էդգար Հովհաննիսյանն ու ընդգծեց՝ ամառային դպրոցի շրջանակում նախատեսված թեմատիկ սեմինարները նաև ոչ ֆորմալ կրթության կարևոր ձևաչափ են, որոնք կարևոր են մասնագիտական կրթությունը լրացնելու և ամբողջացնելու տեսանկյունից և նպաստում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընդլայնմանը։
Էդգար Հովհաննիսյանը ներկայացրեց ազգային-ազատագրական պայքարի թեմատիկան արտացոլող երգերի առանձնահատկությունները՝ նշելով, որ դրանք ձևավորվել են ավանդական-ժողովրդական, աշուղական և գրական քնարերգության հիմքի վրա։
Զեկույցի ընթացքում անդրադարձավ 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների շրջանի ռազմահայրենասիրական երգերին, ինչպես նաև Զեյթունի, Սասունի և ազգային-ազատագրական պայքարի այլ դրվագների արտացոլմանը երգարվեստում։
Հատկանշական է, որ ծրագիրն ունի միջառարկայական բնույթ․ այն նախատեսված է ոչ միայն պատմաբանների, այլև տարբեր մասնագետների համար։ Դասախոսություններով հանդես կգան նաև երաժիշտներ, մանկավարժներ և այլ մասնագետներ։
Ծրագրի առաջին օրն ամփոփեց ՀՊՄՀ երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Գոհար Մելիքսեթյանը՝ «Հայկական պատմական անցյալը ժողովրդական երգերում» թեմայով զեկույցով։
Վերջին հրապարակումներ
-
23.09.2026
Դպրոց-բուհ նոր համագործակցություն