Կայքը փորձարկման փուլում է։

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ դոցենտ Վարազդատ Վարդազարյանը

15.11.2025
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ դոցենտ Վարազդատ Վարդազարյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտություների թեկնածու Վարազդատ Վարդազարյանը:

Վարազդատ Վարդազարյանը կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում, իսկ 1974 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը: 1986-1992թթ. եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, 1992-1994թթ.՝ Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

1996 թվականից մինչև կյանքի վերջին օրը դասավանդում էր Մանկավարժական համալսարանում.շուրջ մեկ տասնամյակ ղեկավարել է Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնը:

 

Մանկավարժական ողջ գործունեության ընթացքում ոլորտի անվանի մասնագետը կրթել ու մասնագիտական գիտելիքներով է զինել ապագա մանկավարժների բազմաթիվ սերունդների՝ նրանց փոխանցելով մաթեմատիկական անալիզի, հավանականության տեսության և մաթ.վիճակագրության, վիճակագրության մաթեմատիկական կիրառությունների, վիճակագրական տարրերի վերաբերյալ հիմնարար և բազմակողմանի գիտելիքներ:

 

Վարազդատ Վարդազարյանը դասավանդում էր նաև ՀՊՄՀ ավագ դպրոց-վարժարանում և վայելում աշակերտների և գործընկերների սերն ու հարգանքը։

 

Մանկավարժական համալսարանի ու վարժարանի աշխատակիցներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում մանկավարժի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին:

Վաստակաշատ մանկավարժին ու գործընկերոջը ուսանողներն ու մտերիմները կհիշեն որպես պատվարժան մարդու, սիրելի ընկերոջ, անփոխարինելի մանկավարժի։

Նրա հիշատակը վառ կմնա գործընկերների, ուսանողների և աշակերտների սրտերում:

 

Վարազդատ Վարդազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին` ժամը 17:00-ից, «Զոլեր» սգո սրահում(Գրիգոր Հասրաթյան 25/3):