Մասնակցեց միջազգային գիտաժողովի

25.11.2025
Մասնակցեց միջազգային գիտաժողովի

Նոյեմբերի 20-21-ը ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և  նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող Քնարիկ Աբրահամյանը մասնակցեց «Սև ծովն իբրև գրական և մշակութային տարածք․ ավերակներ և տեղաշարժեր» խորագրով միջազգային գիտաժողովին։

 

Ռումինիայի Կոնստանցա քաղաքի Օվիդիուս համալսարանում կայացած գիտական ձեռնարկը կազմակերպվել էր բուլղարական «Տրանսպոնտիկա» ասոցիացիայի և  այլ հաստատությունների համագործակցությամբ։ Մասնակցում էին ներկայացուցիչներ՝ Վրաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Չեխիայից և այլ երկրներից։

 

Քնարիկ Աբրահամյանը ներկայացրեց «Սև ծով․աշխարհագրական տարածքն իբրև գրական տեքստի ստեղծող հայ գրականության մեջ» թեմայով զեկույցը։

 

Նա անդրադարձավ  հայ հեղինակներին, որոնց բնագրերում Սև ծովն առանձնակի դերակատարում ունի: Հատկապես ընդգծվել են Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի հարցադրումները, օտարագիր գրող Լևոն Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկիննե՛ր և պարոննե՛ր» վեպի կերպավորման առանձնահատկությունները, որտեղ ծննդավայր Տրապիզոնի օրինակով հեղինակը բերում է ծովի՝ իր հոգեբանության ու ներաշխարհի, ինչպես նաև ժողովրդի ճակատագրի վրա ունեցած դերակատարությունը, որտեղ ծովը երևան է գալիս իբրև անընդհատ նորոգվող հիշողություն, քաղաքակրթական խաչմերուկ ու հոգեբանական ավերակ միաժամանակ:

 

Գիտաժողովի մասնակիցները ծանոթացան քաղաքի պատմամշակութային վայրերին, այդ թվում՝ հայկական հետքին, ինչպես նաև այցելեցին Հիստրիայի ավերակները։