Խորհրդանշական 104 գերազանցության դիպլոմ՝ 104-ամյա բուհի շրջանավարտներին
08.07.2026
Մանկավարժական համալսարանում այսօր կայացավ 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Տոնական միջոցառումը համախմբել էր համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին, նրանց ծնողներին և հյուրերին՝ միասին նշելու ուսանողական կյանքի ամենահիշարժան օրերից մեկը։
Ավանդական արարողության ընթացքում գերազանց առաջադիմությամբ 104 շրջանավարտների բակալավրի և մագիստրոսի գերազանցության դիպլոմները հանձնեցին ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու ֆակուլտետների դեկանները՝ արժևորելով ուսումնառության տարիներին նրանց ցուցաբերած բարձր ակադեմիական առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումներն ու նպատակասլաց աշխատանքը։
Շրջանավարտներին շնորհավորեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ավարտական օրը ոչ միայն ուսանողական կյանքի ավարտն է, այլև նոր կյանքի և մասնագիտական ճանապարհի սկիզբը։
«Մանկավարժական համալսարանն այսօր ճանապարհում է իր հերթական շրջանավարտներին, որոնցից 104-ը գերազանցության դիպլոմ են ստանում՝ որպես ուսումնառության տարիների նպատակասլաց աշխատանքի, բարձր առաջադիմության և հաստատակամության արժանի գնահատական։ Այսօր պարզապես ավարտական արարողություն չէ․ սա այն օրն է, երբ տարիների ջանքերը, ձեռքբերումներն ու հաղթահարած դժվարությունները վերածվում են նոր կյանքի մեկնարկի։ Յուրաքանչյուր դիպլոմի հետևում տարիների աշխատանք, հաղթահարված դժվարություններ և մեծ երազանքներ են, իսկ յուրաքանչյուր շրջանավարտ իր հետ տանում է մեր համալսարանի արժեքներն ու պատասխանատվությունը։ Այսօր դուք բացում եք անսահման հնարավորությունների ճանապարհը»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը։
Դիմելով շրջանավարտներին՝ նա ընդգծեց, որ մանկավարժությունը պարզապես մասնագիտություն չէ, այլ առաքելություն, և կոչ արեց երբեք չդադարել սովորել, չվախենալ փոփոխություններից ու հավատալ սեփական ուժերին։
«Այսօր ձեզ հետ տանում եք ոչ միայն դիպլոմ, այլև համալսարանի անունը, արժեքներն ու վստահությունը՝ կրթելու, առաջնորդելու և կյանքեր փոխելու վստահությունը։ Ես հավատում եմ ձեզ։ Երբեք չկորցնեք հավատը ձեր ընտրած ճանապարհի նկատմամբ։ Թող ձեր յուրաքանչյուր աշակերտ դառնա ձեր աշխատանքի լավագույն գնահատականը, իսկ յուրաքանչյուր հաջողություն՝ մեր համալսարանի հպարտությունը»,- նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Միջոցառման ընթացքում շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև ՀՊՄՀ հիմնական դպրոցի շրջանավարտ Նարե Ավետիսյանն ու ՀՊՄՀ ավագ դպրոցի շրջանավարտ Անի Մայանցը։ Վերջինս շուտով կհամալրի համալսարանական մեծ ընտանիքը։ Հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները՝ նա այս տարի ընդունվել է Մանկավարժական համալսարան և խոսեց բուհն ընտրելու իր որոշման ու առաջիկա ուսանողական տարիներից ունեցած սպասումների մասին։
Շնորհակալության և երախտագիտության խոսքով հանդես եկան նաև Կուլտուրայի, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետների շրջանավարտներ Սիմոն Հովհաննիսյանն ու Ֆելիքս Բախչինյանը։ Նրանք ընդգծեցին՝ համալսարանական տարիները դարձել են իրենց մասնագիտական կայացման, արժեքային ձևավորման և անմոռանալի հիշողությունների կարևոր շրջափուլը։
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՊՄՀ շրջանավարտ, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը։ Ավելի քան երկու տասնամյակ առաջ համալսարանն ավարտած աբովյանականը ներկայացրեց իր մասնագիտական ճանապարհն ու ձեռքբերումները՝ ընդգծելով, որ դրանց ամուր հիմքը ձևավորվել է հենց Մանկավարժական համալսարանում։
Նա շրջանավարտներին մաղթեց մասնագիտական հաջողություններ, պատասխանատվությամբ կրել մանկավարժի կոչումն ու երբեք չդադարել զարգանալ։
Նշենք, որ 2025–2026 ուսումնական տարում Մանկավարժական համալսարանն ունի 1432 շրջանավարտ։ Տոնական միջոցառումն ու դիպլոմների հանձնման արարողությունները կշարունակվեն նաև առաջիկա օրերին՝ ֆակուլտետներում՝ խորհրդանշելով համալսարանական կյանքի ավարտն ու մասնագիտական նոր ճանապարհի սկիզբը։