Կայքը փորձարկման փուլում է։

Համագործակցություն՝ կրթական առաջնորդության ոլորտում

11.05.2026
Համագործակցություն՝ կրթական առաջնորդության ոլորտում

Տալլինի համալսարանի Կրթական առաջնորդության ակադեմիայի ներկայացուցիչներ Սիլլավի Ռիտն ու Մարի֊Լիզ Սուլտսն այսօր հյուրընկալվել էին Մանկավարժական համալսարանում։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական առաջնորդության, դպրոցների կառավարման և ժամանակակից կրթական մեթոդաբանությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Էստոնացի մասնագետները ներգրավված են եղել Հայաստանում հայկական դպրոցների ղեկավարների և վարչական թիմերի առաջնորդական հմտությունների կառավարման զարգացման ծրագրերում։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց Մանկավարժական համալսարանի ավելի քան մեկդարյա պատմությունը, բուհի կրթական առաքելությունը, մասնագիտությունները, մանկավարժական կադրերի պատրաստումը, ուսումնական գործընթացը, վերապատրաստման ծրագրերը, ինչպես նաև միջազգային ոլորտում համագործակցությունը, ձեռքբերումները։

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց՝ համալսարանը կարևորում է միջազգային կրթական համագործակցությունը և հատկապես հետաքրքրված է էստոնական կրթական փորձով, ուսումնառության կազմակերպման մեթոդաբանությամբ, պրակտիկայի իրականացման մոդելներով և կրթական առաջնորդության արդյունավետ համակարգերով։

Նա ներկայացրեց նաև բուհում իրականացվող «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագիրը՝ կարևորելով կրթական ղեկավարների մասնագիտական զարգացման, կառավարման կարողությունների ձևավորման և կրթական համակարգում ժամանակակից առաջնորդության միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորեցին փորձի փոխանակման, դպրոցի կառավարման համատեղ ծրագրերի, վերապատրաստումների իրականացման և դրանցում բուհի ներգրավվածության, կրթական առաջնորդության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ընդգծելով ժամանակակից կրթության զարգացման համար առաջնորդության արդյունավետ մոդելների ներդրման անհրաժեշտությունն ու միջազգային լավագույն փորձի տեղայնացումը։