Մանկավարժականում էր Ուրուգվայի պատվիրակությունը
13.05.2026
Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր ընդունեց Ուրուգվայի պատվիրակությանը՝ Ուրուգվայի Հանրապետության Հանրային Կրթության Ազգային Վարչության (ԱՆԵՊ) կենտոնական կառավարման անդամ Էլբիա Պերեիրա, ԱՆԵՊ-ի Միջազգային հարաբերությունների և համագործակցության բաժնի տնօրեն Վիկտորիա Ֆարոպպա, Ուրուգվայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կրթական գործերով տնօրեն, մեր հայրենակից Խավիեր Պոլադիան կազմով։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանն ու Ուրուգվայի դեսպանի տեղակալ Սիրանուշ Տիտիզյանը։ Քննարկվեցին երկուստեք հետաքրքրող հարցեր։
Լիլիթ Մկրտչյանը ներկայացրեց 100-ամյա բուհն ու կրթական ավանդույթները, ուղղվածությունն ու առաջնահերթությունները։
Հյուրերն անդրադարձան իրենց երկրում մանկավարժական կրթության առանձնահատկություններին, ընդգծելով, որ Ուրուգվայում միայն նախատեսվում է մանկավարժական կրթությունը ներառել բարձրագույն ուսումնական գործընթացներում։ Մինչ այժմ այն դիտարկվել է որպես միջին մասնագիտական օղակում ուսուցանվող դիսցիպլին։ Եվ այդ առումով բավականաչափ օգտակար կլինի Մանկավարժական մայր բուհի հետ հնարավոր համագործակցությունը։ Փոխարենն իրենք ունեն ուսուցիչների վերապատրաստման կայուն, ինստիտուցիոնալ մակարդակի համակարգ, և այդ իմաստով իրենք կարող են օգտակար լինել Մանկավարժական համալսարանի վերապատրաստման գործառույթ իրականացնող կենտրոնին՝ փորձի փոխանակման առումով։
Հյուրերին ոգևորեց նաև այն հանգամանքը, որ ներառականության իմաստով ՀՀ-ն և Ուրուգվայը նույն մոտեցումն ունեն։ Պարզապես, իրենք մեկ տարի առաջ են որդեգրել համընդհանուր ներառականոււթյան քաղաքականությունը, իսկ Հայաստանն ունի նշանակալի ձեռքբերումներ և արված քայլեր, որոնցով Մանկավարժական համալսարանը կկիսվի ուրուգվայցի գործընկերների հետ։
Հյուրերը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնեցին մի ձեռնարկ, որի հեղինակը ուրուգվայցի հետազոտող երեխաներն էին։ Նրանք իրենց ուսուցիչների հետ հեղինակել էին էսսեների ժողովածու Հայոց ցեղասպանության թեմայով, ընդ որում, ոչ միայն հայ երեխաները։ ՀԲԸՄ կրթական գործերով տնօրեն Խավիեր Պոլադիանը ընդգծեց, որ այդ կերպ, տարբեր ցեղասպանությունների մասին խոսելով, հետազոտելով իրենք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության կայացման համար։
Կողմերը համաձայնեցրին համագործակցության հնարավոր շրջանակը, իսկ ԿԳՄՍՆ բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանն առաջարկեց ստեղծել փորձագիտական աշխատանքային խումբ, որը կյանքի կկոչի արդեն ձեռք բերված պայմանավորվածություններն ու համագործակցությունը գործնական փուլ կմտնի։
Վերջին հրապարակումներ
-
09.06.2026ՀՊՄՀ-ն և ԿՏԱԿ-ը կհամագործակցեն․․․