ՀՊՄՀ-ն կվերապատրաստի ՆՈՒՀ մանկավարժներին
02.06.2026
Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով 20 կրեդիտով մանկավարժի հավաստագրման դասընթացը։
Հունիսի 2-ից օգոստոսի 10-ը նախատեսված դասընթացին կմասնակցի 101 վերապատրաստվող՝ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից։
Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ պարտավորեցնող է համարում մասնակիցների կողմից Մանկավարժականի փորձառու և արհեստավարժ թիմի ընտրությունը։
Նա խոսեց ժամանակակից աշխարհում մրցունակ մասնագետ լինելու նախապայմանների, կրթական բարեփոխումների և այդ գործընթացների ակտիվ մասնակիցը դառնալու կարևորության մասին և մասնակիցներին խորհուրդ տվեց պատասխանատվությամբ մոտենալ ուսուցմանը, համագործակցել միմյանց հետ և փոխանակվել մասնագիտական փորձով։
Լիլիթ Մկրտչյանն անդրադարձավ նաև նախադպրոցական տարիքի առանձնահատուկ նշանակությանը, քանի որ հենց այդ փուլում են ձևավորվում երեխայի արժեքային համակարգի հիմքերը։
Նա կարևորեց համայնքների զարգացման գործում նախադպրոցական կրթության դերը և ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու անհրաժեշտությունը։
«Ձեր հաջողված փորձը կնպաստի ոչ միայն կրթական գործընթացի բարելավմանը, այլև մեր պետության զարգացմանը։ Յուրաքանչյուր կարևոր փոփոխություն սկսվում է կրթությունից, իսկ կրթության հիմքում մանկավարժն է»,- նշեց նա։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը, անդրադառնալով դասընթացին, նշեց, որ երկրորդ փուլի մասնակիցների մեծ թիվը լավագույն վկայությունն է նախորդ դասընթացների արդյունավետության և վստահության աճի։
Նրա խոսքով՝ Մանկավարժական համալսարանի մասնագիտական թիմը նույն նվիրվածությամբ, պատրաստակամությամբ և բարեհամբույր վերաբերմունքով կշարունակի իր առաքելությունը՝ աջակցելով մասնակիցների մասնագիտական գիտելիքների, հմտությունների զարգացմանը, նպաստելով նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետների շարքի համալրմանը։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մարությանը ևս շնորհավորեց մասնակիցներին՝ պատասխանատու և կարևոր գործընթացի մաս դառնալու առթիվ։
Նա վստահություն հայտնեց, որ դասընթացը կնպաստի ոչ միայն մասնագիտական գիտելիքների հարստացմանն ու մանկավարժական կարողությունների զարգացմանը, այլև կխորացնի մասնակիցների սերն ու նվիրվածությունը ընտրած մասնագիտության նկատմամբ։
Վերջին հրապարակումներ
-
01.06.2026Մանկության գույները՝ Մանկավարժականում
-
29.05.2026Մասնակցեցին «Միջազգային շաբաթ» ծրագրին