Կայքը փորձարկման փուլում է։

Ընդլայնված նիստ՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում

08.12.2025
Ընդլայնված նիստ՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր ներկա էր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստին։

Նա շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար և ընդգծեց՝ ֆակուլտետի դասախոսական կազմն այն մասնագիտությունների կրողներն են, որոնք ժամանակակից աշխարհում ամենապրակտիկներից և կարևորներից են։

Լիլիթ Մկրտչյանը նշեց համագործակցության ընդլայնման, տարատեսակ լաբորատորիաների ստեղծման, գիտահետազոտական գործունեության կարևորությունը, դպրոցների հետ տարվող աշխատանքները, օտարերկյա առաջատար մասնագետների հետ փոխգործակցությունը, բուհի զարգացման համար էլ կարևոր և ուղենշային համարեց որակը․«Մանկավարժական համալսարանն ամենակարևոր օղակն է․այստեղ է կրթվում, դաստիարակվում մանկավարժը, որ նաև ապագա սերնդի ձևավորողն է։ Ինչ արժեհամակարգով ուսուցիչ կրթենք, նման արժեհամակարգով էլ հասարակություն կունենանք»,-նշեց նա։

«2025 թվականը եղել է կայուն զարգացման, որակի բարձրացման և արդիականացման տարի։ Մենք ձեռք ենք բերել կարևոր արդյունքներ՝ կրթական, գիտական, միջազգային և կառավարչական ոլորտներում։ Միաժամանակ առկա են խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պետք է շարունակենք աշխատել, հատկապես՝ շահակիցների ներգրավվածության, նյութատեխնիկական բազայի և գիտահետազոտական ենթակառուցվածքների հզորացման ոլորտներում»,-ֆակուլտետի խորհրդի ընդլայնված նիստում նշեց դեկան Ռուզաննա Պետրոսյանը։

Նա հավելեց՝ տարին եղել է վերափոխումների, ձեռքբերումների և մարտահրավերների ժամանակաշրջան, ապա ներկայացրեց ֆակուլտետի առաքելությունն ու դրանից բխող գործողությունները՝ ընդգծելով՝ դրանք միտված են եղել հոգեբանության, սոցիալական մանկավարժության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ոլորտների մասնագետների բարձր որակի մասնագիտական կրթության ապահովմանը, գիտահետազոտական կարողությունների զարգացման խթանմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը։


Դեկանն անդրադարձավ նաև միջազգային գործընթացներին, գիտահետազոտական գործունեությանը, որակի ապահովման գործընթացին, այդ առումով կարևորելով ֆակուլտետում ուսումնական, գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծումը։