Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնը հիմնադրվել է 1976 թվականին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանի նախաձեռնությամբ: Պարարվեստի ամբիոնի կայացման գործում իր մեծ ավանդն է ունեցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ֆրունզե Ելանյանը, ով ամբիոնը ղեկավարել է շուրջ 23 տարի: Այս տարիների ընթացքում պարարվեստի ամբիոնը եղել է հանրապետության պարարվեստի միակ բարձրագույն գիտական ամբիոնը, որի պրոֆեսորա-դասախոսական կազմի հիմնարար աշխատանքի շնորհիվ մասնագիտական լուրջ կրթություն են ստացել հարյուրավոր ուսանողներ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2003թ-ից վերաիմաստավորվեց պարարվեստի հասարակական և սոցիալ- մշակութային նշանակությունը, երբ «Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնը սկսեց ղեկավարել մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը: Շարունակելով իր նախորդների գիտամեթոդական ծրագրերի իրականուցումը, Կարեն Գևորգյանի ջանքերով, մշակվեցին ու հարստացվեցին ուսումնական ծրագրերն ու նպատակները, գիտամեթոդական նյութերն ու գործնական առաջադրանքները, որի արդյունքում շրջանավարտները հնարավորություն ունեցան արդեն ուսումնասիրելու շուրջ 10-ից ավելի նոր մասնագիտական առարկաներ` տեսականորեն և գործնականորեն տիրապետելով ազգային և համաշխարային պարարվեստի նվաճումներին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ուսումնառության ընթացքում ուսանողներն այսօր հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական ժողովրդական հնագույն պարանմուշներին, այդ պարերի ծագումնաբանությանը, նրանց խորեոգրաֆիկ կառուցվածքին ու բեմականացման հնարավորությանը: Ուսումնասիրության և կատարողական հմտությունների ձեռք բերման շնորհիվ, ուսանողներն ամրապնդում են իրենց գիտելիքները հայ և եվրոպական բալետային արվեստին առնչվող տեսական նյութերի իմացությամբ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Համաշխարհային մշակույթի համատեքստում մեր պարարվեստի խոր ուսումնասիրությունը ճանապարհ է հարթում ապագա սերունդներին ներկայանալու աշխարհին որպես ստողծագործ պարուսույց-մանկավարժներ և պարագետ-տեսաբաններ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի դասախոսական կազմի հետևողական աշխատանքի արդյունքում կրթվում է պարուսույցների մի նոր սերունդ, որոնցից շատերը նոր խոսք ու նոր ասելիք են ունենում պարարվեստի ասպարեզում: Տիրապետելով ոչ միայն հայ, այլև օտար ժողովուրդների պարարվեստի գաղտնիքներին նրանք իրենց աշխատանքով ապացուցում են պարուսույց-մանկավարժի կարևորագույն դերը՝ իրենց նվիրվելով գեղագիտական դաստիարակության ազնվագույն գործին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

«Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի մի շարք դասախոսներ իրենց մասնակցությունն են բերում աշխարհի բազմաթիվ երկրներում տեղի ունեցող միջազգային մրցույթներին և փառատոներին, գիտաժողով-համերգներին և հանդես գալիս գիտական զեկույցներով:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնում այսօր դասավանդում են հանրապետության առաջնակարգ բալետմայստերներ, պարարվեստի տեսաբաններ, ժամանակակից ու դասական պարարվեստի վարպետներ ու մշակույթի հայտնի գործիչներ: Ամբիոնում դասավանդող արվեստագետ, վաստակաշատ մասնագետների ջանադիր աշխատանքի շնորհիվ որակապես փոխվել է ուսումնամեթոդական գործընթացի ողջ էությունը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բազմաթիվ սերունդներ են կրթվել ու դաստիարակվել մեր ամբիոնում, որոնց մեջ եղել են և այսօր էլ կան խոշոր անհատականություններ` որպես հայ մանկավարժական մտքի փայլուն վկաներ: Այս իմաստով, տեղին է ասել նաև, որ Մշակույթի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնի հարյուրավոր շրջանավարտներ, տասնամյակներ շարունակ ապահովել են հայ պարարվեստի վերընթաց զարգացումը և ձեռք բերել հայ մշակույթի իսկական նվիրյալ կոչվելու իրավունքը: