-
Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհուրդը համալսարանի ռեկտորի նախագահությամբ գործող մարմին է, որը լուծում է բուհի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
➜ Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են համալսարանի բոլոր ստորաբաժանումների, պաշտոնատար անձանց, աշխատողների և սովորողների համար: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, նիստերը գումարվում են ամիսն առնվազն մեկ անգամ:➜ Գիտական խորհուրդը հաստատում է իր կանոնակարգը: Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են տարեկան աշխատանքային պլանով, որը քննարկում և հաստատում է Գիտական խորհուրդը:➜ Գիտական խորհուրդը քննարկում է համալսարանի ուսումնական մասնագիտությունների անվանացուցակները, հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոնք ներկայացվում են նախարարություն, քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող գիտահետազոտական և ուսումնական աշխատանքների արդյունքների մասին, հաստատում է համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքացուցակը, կազմակերպում է թափուր տեղերի համար թեկնածուների մրցութային ընտրությունները, շնորհում է դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներ, համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում է համալսարանի մեդալով, պատվոգրով, հանրապետական և միջազգային պարգևների և կոչումների համար ներկայացնում թեկնածուներ, հաստատում է ընտրության կանոնակարգեր, քննարկում է համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը և համալսարանի կողմից կնքվող միջազգային պայմանագրերի նախագծերը, հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների օրինակելի կանոնակարգերը և այլն:➜ Գիտական խորհդի որոշմամբ, խորհրդին կից, շրջափոխման սկզբունքով և 3-5 տարի ժամկետով ստեղծվում են համապատասխան մշտական հանձնաժողովներ.✔ Գիտական և ուսումնամեթոդական հարցերի հանձնաժողով,
✔ Բնագիտամաթեմատիկական մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողով,
✔ Հումանիտար մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողով,
✔ Մշակութային մասնագիտությունների գծով մրցութային հանձնաժողով:
Գիտական խորհուրդն` իր իրավասության սահմաններում ընդգրկված առանձին հարցերի լուծման համար, կարող է ստեղծել ժամանակավոր հանձնաժողովներ: