ՀՊՄՀ Պատմության թանգարան

ՀՊՄՀ-ի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես համալսարանի պատմության թանգարան։ Այն գործում է համալսարանի խորհրդի հովանու ներքո՝ ռեկտորի նախագահությամբ, իսկ գիտամեթոդական ղեկավարումն իրականացնում է ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնը:
Թանգարանի ներկայիս ցուցադրությունը բացվել է 2012 թվականին՝ համալսարանի 90-ամյակի առիթով։ Թանգարանը նորարարական քայլեր է ձեռնարկել` դառնալով առաջինը Հայաստանում, որը IZI Travel միջազգային հարթակի աջակցությամբ գործարկել է աուդիոգիդ ծրագիր։ Այցելուները կարող են վիրտուալ շրջագայություն կատարել կամ լսել ցուցադրությունը հայերեն և անգլերեն լեզուներով։ Վիրտուալ տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։
Թանգարանը պարբերաբար կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություններ՝ ներկայացնելով հետաքրքիր նյութեր բուհի թանգարանի և հանրապետության այլ թանգարանների ֆոնդերի նյութերի հիման վրա։
Հատուկ կարիքներով այցելուների համար թանգարանն ունի սուրդոթարգմանություն և բրայլյան գրով բացատրագրեր։
Բացի այդ, թանգարանը ակտիվորեն համագործակցում է Երևանի №14 հատուկ դպրոցի հետ։ Դպրոցի մասնագետների աջակցությամբ թանգարանում տեղադրվել են բրայլյան գրությամբ անոտացիաներ և ցուցադրական վահանակներ, ինչը թույլ է տալիս նաև տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին լիարժեք մասնակցություն ունենալ։
ՀՊՄՀ-ի թանգարանն այսօր հանդես է գալիս որպես կրթամշակութային կենտրոն՝ կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ, միջազգային և հանրապետական գիտաժողովներ, դասընթաց-վարժանքներ, կրթական ծրագրեր և դասախոսություններ տարբեր տարիքային խմբերի համար, հրատարակում ուսումնական ձեռնարկներ, ապահովում բուհի ուսանողներին տեղեկատվական նյութերով։ Թանգարանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը կրթական և մշակութային այլ հաստատությունների, թանգարանագիտական միջազգային կազմակերպությունների, ասոցիացիաների և թանգարանների հետ՝ խթանելով ուսանողների, հետազոտողների և այցելուների հետաքրքրությունը համալսարանի պատմության և հայկական մշակույթի հանդեպ։