- Գեղարվեստական կրթության Ֆակուլտետ > Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն >
Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն
Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնն ունի ավելի քան կեսդարյա հարուստ պատմություն և գիտամանկավարժական ավանդույթներ:
Հիմնադրվել է 1968 թվականին՝ Նկարչության դասավանդման մեթոդիկայի և գրաֆիկայի ամբիոն անվամբ։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ոլորտային զարգացումներին և կրթական պահանջներին համընթաց՝ ամբիոնը հետագայում անվանվել է Կերպարվեստի դասավանդման մեթոդիկայի և դեկորատիվ-կիրառական արվեստների (1988-2007 թթ.): 2007 թվականից առ այսօր ամբիոնը գործում է Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության անվամբ՝ արտացոլելով իր արդի գիտական և կրթական լայն ընդգրկումը։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Տարիների ընթացքում ամբիոնը գլխավորել են հանրապետության ճանաչված և վաստակաշատ գիտնականներ ու արվեստագետներ.
✔ Վահրամ Խաչիկյան (1968-1984 թթ.) — արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
✔ Հարություն Հովհաննիսյան (1984-1988 թթ.) — դոցենտ
✔ Հրավարդ Հակոբյան (1988-2000 թթ., 2007-2008 թթ.) — ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
✔ Սարգիս Թերզյան (2000-2007 թթ.) — մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
✔ Արա Հակոբյան (2008-2017 թթ.) — արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր
✔ Սաթենիկ Մելիքյան (2017-2023 թթ.) — արվեստագիտության թեկնածու, դոցենտ
✔ 2023 թվականից ամբիոնը ղեկավարում արվեստագիության թեկնածու, դոցենտ Սյուզաննա Գրիգորյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնն իրականացնում է բարձրագույն կրթություն՝ առկա և հեռակա համակարգերում՝ բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական աստիճաններով՝ սպասարկելով հետևյալ հիմնական ուղղությունները.
➜ «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում»
Կրթական ծրագիրը միտված է պատրաստելու բարձրորակ արվեստաբաններ և արվեստի կառավարման (Art management) ժամանակակից մասնագետներ:
Ուսանողները ուսումնասիրում են հայ և համաշխարհային արվեստի պատմությունը, արվեստի կառավարման և մարքեթինգի հիմնադրույթները, ինչպես նաև հումանիտար առարկաների լայն շրջանակ:
Շրջանավարտները կարող են ծավալել մասնագիտական գործունեություն հանրապետության պատկերասրահներում, թանգարաններում, հանրակրթական և մասնագիտական կրթական հաստատություններում, ինչպես նաև մշակութային տարբեր հարթակներում՝ որպես արվեստաբաններ, համադրողներ (curators) և արվեստի կառավարման ու հանրային կապերի մասնագետներ (PR managers):
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ «Մշակութաբանություն»
Ծրագիրը պատրաստում է արդի մշակութային գործընթացները վերլուծող և կազմակերպող մասնագետներ՝ մշակութաբաններ:
Ուսանողները ծանոթանում են հայ և համաշխարհային մշակույթի տեսությանն ու պատմությանը, կերպարվեստի, ճարտարապետության, երաժշտության, թատրոնի և կինոյի էվոլյուցիային, ինչպես նաև հիմնարար հումանիտար գիտակարգերին:
Ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչն են ուսումնական պրակտիկաները, որոնց շրջանակներում ուսանողներն անմիջականորեն ներգրավվում են մշակութային միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպման աշխատանքներում:
Շրջանավարտները պահանջված են պետական և մասնավոր մշակութային կառույցներում, հիմնադրամներում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ «Արվեստ և արհեստ»
Արձագանքելով աշխատաշուկայի արդի պահանջներին և ստեղծարար ոլորտների (Creative Industries) զարգացմանը՝ ամբիոնը ներդրել է նոր և հեռանկարային «Արվեստ և արհեստ» մասնագիտացումը:
Ծրագիրը հաջողությամբ սինթեզում է տեսական արվեստաբանական գիտելիքները և ավանդական ու ժամանակակից արհեստների գործնական հմտությունները:
Այս ուղղության շրջանավարտները կարող են աշխատել որպես մշակութային ժառանգության և ավանդական արհեստների փորձագետներ, հանրակրթական դպրոցում մանկավարժներ, ստեղծագործական արտադրությունների և ատելյեների համակարգողներ, ինչպես նաև հանդես գալ սեփական ստեղծարար նախագծերով ու ստարտափերով արվեստի և արհեստագործության հատման տիրույթում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի առաքելությունն է ձևավորել արվեստի և մշակույթի ոլորտի մրցունակ մասնագետներ, որոնք պատրաստ են արձագանքել ժամանակակից մարտահրավերներին, պահպանել ու հանրայնացնել ազգային և համաշխարհային մշակութային ժառանգությունը: