- Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ > Հայոց պատմության ամբիոն >
Հայոց պատմության ամբիոն
Համալսարանի հնագույն ուսումնագիտական ստորաբաժանումներից մեկը հիմնադրվել է 1936 թվին: Առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Հակոբ Զորյանը, նրան փոխարինել է պրոֆեսոր Համո Հարությունյանը: Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են անվանի պատմաբան-գիտնականներ՝ Վարդգես Համազասպյանը, Մորուս Հասրաթյանը, Սուրեն Հակոբյանը, Շմավոն Հարությունյանը, Լևոն Շահինյանը, Մհեր Կարապետյանը, Աշոտ Փիլիպոսյանը: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է Էդիկ Գևորգյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնում գիտամանկավարժական արդյունավետ գործունեություն են իրականացրել ականավոր գիտնականներ Աշոտ Հովհաննիսյանը, Մկրտիչ Ներսիսյանը, Վարդան Պարսամյանը, Սուրեն Երեմյանը, Կարո Ղաֆադարյանը, Զավեն Գրիգորյանը, Գրիգոր Միքայելյանը, Հարություն Մարտիրոսյանը, Արամայիս Մնացականյանը, Հայկազ Ժամկոչյանը, Թադևոս Հակոբյանը, Ստեփան Մելիք-Բախշյանը, Վալտեր Դիլոյանը, Հայկազ Պողոսյանը, Խաչատուր Մուշեղյանը, Գրիգոր Գրիգորյանը, Հայկ Ղազարյանը, Ալբերտ Խառատյանը, Աշոտ Մելքոնյանը, Ռաֆիկ Նահապետյանը և շատ ուրիշներ: Նրանցից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցրել պետական, գիտակրթական և կառավարման բնագավառներում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը լուրջ ներդրում ունի հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների, հնագիտության, աղբյուրագիտության, վիմագրության, դրամագիտության, ազգագրության, պատմական աշխարհագրության, պատմագրության, մշակույթի, հայկական գաղթավայրերի, սփյուռքի պատմության, եկեղեցու, ցեղասպանագիտության տարբեր հիմնախնդիրների գիտական ուսումնասիրության գործում։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հրատարակել են մեծաքանակ մնայուն, արժեքավոր գիտական աշխատություններ: Ամբիոնի դասախոսները նաև բուհական և դպրոցական բազմաթիվ դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ են:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության, արևելագիտության ինստիտուտների, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ, ակտիվորեն մասնակցում հանրապետական և միջազգային գիտաժողովներին, անդամակցում գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների աշխատանքներին:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Դասախոսներից շատերը դասախոսություններով հանդես են գալիս արտասահմանյան հեղինակավոր բուհերում (Հունգարիա, Իսպանիա, Լեհաստան, Անգլիա, Հունաստան, Ռուսաստանի Դաշնություն, Լիբանան և այլն), մասնակցում միջազգային գիտակրթական ծրագրերի, ՀՀ-ում պետբյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների մշակմանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Անուրանալի է ամբիոնի դերը հանրապետության և սփյուռքի պատմության ուսուցիչների, ինչպես նաև երիտասարդ գիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը մրցունակ է և իր պատվավոր տեղն ունի հայ պատմագիտության դարբնոցում: