- Նախագծեր >
Հայաստանում և սփյուռքում պատմության ուսուցման հիմնախնդիրների հետազոտության գիտական կենտրոն
2024 թվականի հունվարից ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետում գործում է Հայաստանում և սփյուռքում պատմության ուսուցման հիմնախնդիրների հետազոտության գիտական կենտրոնը։
Այն ֆինանսավորվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային ծրագրերի շրջանակներում։
Կենտրոնի գլխավոր նպատակը Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթական հաստատություններում պատմության դասավանդման հիմնախնդիրների համալիր ուսումնասիրումն է, առկա խնդիրների վերհանումն ու համակարգումը։
Կառույցն իր առջև խնդիր է դրել հետազոտել համաշխարհային փորձն ու տեղայնացնել դրա արդյունքները, նպաստել պատմության ուսուցման բնագավառում ժամանակակից թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունների արդյունավետության բարձրացմանը, իսկ ձեռք բերած արդյունքները ներդնել կրթական համակարգում՝ աջակցելով ՀՀ-ում և սփյուռքի հայկական կրթական հասատություններում պատմության ուսուցման գործընթացների բարելավմանը։
Կենտրոնում ընդգրկված է ՀՊՄՀ-ից 13 մասնագետ․այն ղեկավարում է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Պապոյանը։
Հայաստանում և սփյուռքում պատմության ուսուցման հիմնախնդիրների հետազոտության գիտական կենտրոնը յուրաքանչյուր տարի կազմակերպում և անցկացնում է «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով։
Համագործակցելով ֆիլմեր արտադրող «Բանիմացիա» ընկերության հետ՝ կենտրոնի մասնագետների մասնակցությամբ պատրաստվել են հայոց պատմության տարբեր հետաքրքրական թեմաներին նվիրված մեկ տասնյակից ավելի կարճամետրաժ մուլտֆիլմեր։
Կենտրոնի ջանքերով՝ 2024 թվականին հիմնադրվել և տարեկան երկու անգամ հրատարակվում է «Պատմության ուսուցման հիմնախնդիրներ» գիտական հանդեսը, որն իր տեակի և հրապարակումների թեմատիկայի առումով առաջինն ու միակն է Հայաստանում։
Կենտրոնի հետազոտության արդյունքները հրատարկվում են առանձին գրքերով կամ գիտական հոդվածների տեսքով՝ հայաստանյան գիտական հանդեսներում, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Web of Science կամ Scopus) ընդգրկված մի շարք հանդեսներում։
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————


