Ավալյան Կարինե Կարենի
Երբ 2022 թվականին ընդունվեցի Հայկական պետական մանկավարժական համալսարան, չէի պատկերացնում, որ ուսանողական տարիներս կհարստանան միջազգային ծրագրերով, գիտաժողովներով, արտասահմանյան համալսարաններով և աշխարհի տարբեր երկրներից ձեռք բերված ընկերություններով։
Այսօր, լինելով Սկզբնական կրթության ֆակուլտետի «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի մագիստրանտ, վստահ կարող եմ ասել, որ համալսարանն ինձ տվել է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև զարգացման բազմաթիվ հնարավորություններ։
Իմ ճանապարհը սկսվեց կամավորությունից` ՀՊՄՀ Միջազգային համագործակցության կենտրոնում: Այդ փորձը հնարավորություն տվեց ներգրավվելու միջազգային ծրագրերում, աշխատելու արտասահմանից ժամանած ուսանողների հետ և մասնակցելու տարբեր կրթական ու մշակութային նախաձեռնությունների։ Յուրաքանչյուր նման հանդիպում ոչ միայն նոր գիտելիքներ էր տալիս, այլև ընդլայնում աշխարհայացքս։
Համալսարանի ընձեռած հնարավորությունների շնորհիվ մասնակցել եմ միջազգային քննարկումների, կլոր սեղանների և գիտաժողովների։ Հատկապես կարևոր էր «Անձի զարգացումը կրթական համակարգերում» միջազգային գիտաժողովը, որտեղ ներկայացրի «Առցանց դասընթացները՝ որպես ավագ նախադպրոցականների խոսքի զարգացման ժամանակակից միջոց» թեմայով զեկույցը։
Ուսանողական ամենահիշարժան փորձառություններից մեկն էլ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի «Միջազգային աշնանային դպրոց» ծրագրին մասնակցությունն էր։ Այն հնարավորություն տվեց ծանոթանալու ժամանակակից կրթական միջավայրին և նորովի գնահատելու կրթության դերը մարդու զարգացման և բարեկեցության գործում։
Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև ՀՊՄՀ «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը, որտեղ սկզբում մասնակցել եմ որպես ուսանող, իսկ հետագայում ներգրավվել կազմակերպչական աշխատանքներում։
Տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հետ շփումը դարձել է արժեքավոր փորձառություն և նոր համագործակցությունների սկիզբ։
Համալսարանում ստացած գիտելիքներն այսօր կիրառում եմ նաև մասնագիտական գործունեությանս մեջ՝ դասավանդելով հայերեն միջազգային Preply և հայկական Dasa2 առցանց կրթական հարթակներում։
Տարբեր տարիքի և տարբեր երկրներից սովորողների հետ աշխատանքը հնարավորություն է տալիս ամեն օր զարգացնել մասնագիտական հմտություններս և ներկայացնել հայկական լեզուն ու մշակույթը միջազգային լսարանին։
Այսօր մասնակցում եմ Erasmus+ PROVE ծրագրին՝ «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում՝ շարունակելով մասնագիտական ու միջազգային զարգացման ճանապարհս։
Իմ փորձը մեկ անգամ ևս ապացուցում է, որ համալսարանը կարող է բազմաթիվ հնարավորություններ ստեղծել ուսանողի համար․և ամեն ինչ կախված է հենց ուսանողից։
Եթե այսօր պետք է մի խորհուրդ տամ ապագա ուսանողներին, ապա այն շատ պարզ կլինի. մի սպասեք, որ հնարավորությունները կգան ու կթակեն ձեր դուռը։ Բացեք այդ դուռը ինքներդ։
Իմ պատմությունը սկսվեց կամավորությունից և շարունակվեց միջազգային ծրագրերով, կարևոր բացահայտումներով։
Եվ որքան առաջ եմ գնում, այնքան ավելի եմ համոզվում, որ սա դեռ միայն սկիզբն է։