Բախչինյան Ֆելիքս Հայկի
Ուսանողական տարիները ոչ միայն տեսական գիտելիքների կուտակման, այլև սեփական ներուժի բացահայտման և մասնագիտական հասունացման կարևորագույն փուլ են։ Այս շրջանը լայն հնարավորություններ է ստեղծում անձնական, գիտական և մանկավարժական աճի համար։
Այս ուղու հիմնաքարն ու գլխավոր երաշխավորը հարազատ բուհն է (ՀՊՄՀ), որն առաջին իսկ տարիներից բացեց կրթական զարգացման և մասնագիտական կայացման դռները։ Բուհական միջավայրը ոչ միայն փոխանցեց անհրաժեշտ մասնագիտական հիմքը, այլև ձևավորեց վստահություն սեփական ուժերի հանդեպ՝ սովորեցնելով լինել նախաձեռնող, նպատակասլաց և չվախենալ մեծ մարտահրավերներից։
Պատմության ապագա ուսուցչի ձևավորման գործում վճռորոշ դեր խաղացին միջազգային ծրագրերը, որոնք թույլ տվեցին պատմությունը դիտարկել համաշխարհային համատեքստում։ Բուհի աջակցությամբ մասնակցությունը պատմաբանների հեղինակավոր միջազգային դպրոցներին դարձավ գիտական հետաքրքրությունների և հետագա առաջընթացի շարժիչ ուժը։
«Պատմաբաների միջազգային դպրոց» ծրագիր՝ Եկատերինբուրգ (2022 թ.), Արխանգելսկ (2023 թ.), Վլադիկավկազ (2024 թ.) այս և մի շարք այլ միջազգային ծրագրերից ստացած արժեքավոր գործնական փորձառությունը, տարբեր երկրների գործընկերների հետ քննարկումներն ու նյութերի հետ աշխատանքը նոր տեսանկյունից բացահայտեցին պատմության դասավանդման արվեստը։
Համալսարանից ստացած գիտելիքային հիմքն ու միջազգային ծրագրերում ձեռք բերված փորձն այսօր ծառայում են գլխավոր նպատակին՝ պատմության որակյալ ուսուցմանը։ Ժամանակակից պատմության ուսուցիչը չպետք է սահմանափակվի միայն դասագրքային փաստերի հաղորդմամբ. նա պետք է սովորեցնի վերլուծել, համադրել և քննադատաբար մոտենալ անցյալի իրադարձություններին։
Միջազգային դպրոցներում յուրացված ակտիվ մեթոդները, ինտերակտիվ տեխնոլոգիաներն ու պատմական դեպքերի բազմակողմանի վերլուծության հնարները հաջողությամբ ներդրվում են դպրոցական դասապրոցեսում՝ դասն աշակերտների համար դարձնելով ավելի հետաքրքիր ու կենդանի։
Իմ անցած ուղին և մասնակցությունը միջազգային ծրագրերին ևս մեկ անգամ ապացուցում են, որ հարազատ բուհի ընձեռած յուրաքանչյուր հնարավորություն կարող է վճռորոշ դեր ունենալ երիտասարդ մասնագետի կայացման գործում։ Այն օգնում է դուրս գալ տեղային պատկերացումների սահմաններից և դպրոց մտնել որպես պատրաստված, միջազգային փորձին տիրապետող, նորարար ու ստեղծագործ պատմության ուսուցիչ։