Սարգսյան Հովհաննես Մանվելի

Մանկավարժականը հնարավորությունների բուհ է

Ավարտել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Բանասիրական ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան, իսկ 2025 թվականին՝ ասպիրանտուրան։

Մագիստրատուրայում սովորելուն զուգահեռ աշխատանքի եմ անցել հարազատ ֆակուլտետի դեկանատում՝ սկզբում որպես հեռակա ուսուցման համակարգի պատասխանատու, իսկ այսօր աշխատում եմ որպես դեկանի օգնական։

Մանկավարժական համալսարանն ինձ ընձեռել է բազմաթիվ հնարավորություններ, որոնք կարևոր դեր են ունեցել իմ մասնագիտական ու անձնական զարգացման գործում։ Կցանկանամ առանձնացնել դրանցից մի քանիսը։

Մասնակցել եմ երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրերի Հայաստանում, ինչպես նաև Մոսկվայում և Եկատերինբուրգում։

Ներգրավված եմ եղել հայ-ռուսական, ռուս-հայկական և հայ-վրացական երիտասարդական ֆորումներում, որոնք անցկացվել են Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանի Ստավրոպոլ և Չելյաբինսկ քաղաքներում։

Իմ նախաձեռնությամբ և Մանկավարժական համալսարանի աջակցությամբ 2024 թվականին պատիվ եմ ունեցել Սոչիում մասնակցելու Համաշխարհային երիտասարդական փառատոնին, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում էին շուրջ 20 հազար երիտասարդներ։ Նման մասշտաբային միջոցառման ընթացքում ՀՀ պատվիրակության կազմում լինելն ինձ համար մեծ պատասխանատվություն և բացառիկ փորձ էր։

Մանկավարժականի ընձեռած հնարավորություններից առանձնահատուկ տեղ ունի նաև Իսպանիայի Սևիլիայի համալսարանի Բանասիրական ֆակուլտետում մեկ կիսամյակ ասպիրանտական կրթություն ստանալու հնարավորությունը՝ «Erasmus+» փոխանակման ծրագրի շրջանակում։

Սովորել աշխարհի առաջատար համալսարաններից մեկում, աշխատել միջազգային ակադեմիական միջավայրում և մասնագիտական գիտելիքներ ստանալ գրականագիտության ոլորտի լավագույն մասնագետներից՝ յուրաքանչյուր սկսնակ գիտնականի երազանքն է։ Ես այդ ճանապարհն անցել եմ իմ մայր բուհի՝ Մանկավարժականի շնորհիվ։

Այսօր էլ համալսարանը շարունակում է նոր հնարավորություններ ստեղծել իր ուսանողների և աշխատակիցների համար։ Որպես աշխատակից կարող եմ փաստել, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում մասնակցել եմ մասնագիտական զարգացման չորս վերապատրաստման ծրագրի։

Նման հնարավորությունները բազմաթիվ են։ Մնում է դրանք նկատել, օգտվել դրանցից և ձեռք բերած գիտելիքն ու փորձը ծառայեցնել մեր մայր բուհի զարգացմանը և, իհարկե, ՀՀ  առաջընթացին ու բարգավաճմանը։