Օրբելյան Գևորգ Գագիկի

ՀՊՄՀ ուսանողից մինչև թանգարանի ղեկավար․ Գևորգ Օրբելյանի հաջողության պատմությունը

«Երևան քաղաքի պատմության թանգարան»-ի տնօրեն,  ՀՊՄՀ շրջանավարտ Գևորգ Օրբելյանը մասնագիտական զարգացման ուղին վառ օրինակ է, թե ինչպես կարող են կրթությունը, շարունակական ինքնազարգացումը, միջազգային փորձն ու կառավարման հմտությունները ձևավորել հաջողակ ղեկավարի և գիտնականի կերպար։

 

2005 թվականին ավարտելով ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության բաժինը՝  նա իր մասնագիտական գործունեությունը կապեց մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման հետ։


Ուսանողական տարիներին ձևավորված հետաքրքրությունը թանգարանների և պատմամշակութային ժառանգության նկատմամբ հետագայում վերածվեց երկարամյա և նպատակասլաց գործունեության։

 

2005 թվականից աշխատելով Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ Գևորգ Օրբելյանը քայլ առ քայլ անցավ մասնագիտական աճի ճանապարհը՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ և ձեռք բերելով հարուստ փորձ թանգարանային կառավարման, ցուցադրությունների կազմակերպման, գիտահետազոտական գործունեության և մշակութային ծրագրերի իրականացման ոլորտներում։

Մասնագիտական զարգացման կարևոր հանգրվան դարձավ նրա գործունեությունը Ճապոնիայում, որտեղ 2015-2016 թվականներին ընտրվեց արտասահմանյան գիտաշխատող-հետազոտող և հրավիրյալ դասախոս Օսակա քաղաքում գործող Ազգաբանության թանգարանում National Museum of Ethnology-ում (Minpaku)։

 

2016-2022 թվականներին Գևորգ Օրբելյանը Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետն էր։ Նրա նախաձեռնությունների շնորհիվ մեծացել է Երևանի զբոսաշրջային գրավչությունն ու միջազգային ճանաչելիությունը։


Մասնավորապես՝  նրա անմիջական մասնակցությամբ և համակարգմամբ  է ներդրվել «Yerevan City Tour» զբոսաշրջային ավտոբուսային երթուղին, ստեղծվել «Visit Yerevan» («Այցելիր Երևան») պաշտոնական զբոսաշրջային կայքն և բջջային հավելվածը, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները (Tourist Information Centers), ինչպես նաև մշակվել և տարածվել են Երևանի բազմալեզու զբոսաշրջային քարտեզները։

 

Գևորգ Օրբելյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, մշակութային ֆորումների Եվրոպայում, Հյուսիային և Հարավային Ամերիկայում, Ասիայում և այլ երկրներում՝ ներկայացնելով հայկական թանգարանագիտության, քաղաքային պատմության, մշակութային ժառանգության և զբոսաշրջության զարգացման վերաբերյալ իր հետազոտություններն ու փորձը։ Նպաստել է Հայաստանի թանգարանային և զբոսաշրջային համայնքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

 

Նա ակտիվ դերակատարում ունի նաև մասնագիտական կառույցներում։ Գևորգ Օրբելյանը ICOM Հայաստանի խորհդի անդամ է, ինչպես նաև նախկինում երկու ժամկետով ընտրվել է ICOM-ICEE-ի և միջազգային թանգարանային այլ կառույցների ղեկավար մարմիններում՝ նպաստելով միջազգային համագործակցության զարգացմանն ու մասնագիտական փորձի փոխանակմանը։

 

Գիտական գործունեությանը զուգահեռ՝ նա հեղինակել է «Հին և նոր Երևան» գիրքը, «Երևանը ձեր գրպանում» զբոսաշրջային ուղեցույցը, ինչպես նաև երկու տասնյակից ավելի գիտական հոդվածներ, որոնք նվիրված են Երևանի պատմությանը, թանգարանագիտությանը, մշակութային ժառանգությանը, զբոսաշրջությանը և քաղաքային զարգացման խնդիրներին։ Ներկայումս նա նաև հետազոտող է Հայաստանի Եվրոպական Համալսարանի Կառավարման ամբիոնում։

 

Այժմ Գևորգ Օրբելյանը ղեկավարում է «Երևան քաղաքի պատմության թանգարան»-ը։ Այսօր թանգարանը զարգանում է որպես ժամանակակից, նորարարական և միջազգային համագործակցության համար բաց մշակութային կենտրոն, որ միավորում է քաղաքի անցյալը, ներկան և ապագան։

 

Գևորգ Օրբելյանի մասնագիտական ուղին՝ ուսանողից մինչև ճանաչված մասնագետ և ղեկավար, վկայում է, որ հարազատ բուհի կրթական հիմքի, մասնագիտական հետևողականության և շարունակական ինքնազարգացման շնորհիվ հնարավոր է հասնել նշանակալի հաջողությունների։ Նա այն շրջանավարտներից է, որոնց ձեռքբերումները բարձր են պահում բուհի հեղինակությունն ու ոգեշնչում նոր սերունդներին։