Մկրտչյան Մարինե Գագիկի

Մասնագիտությունից մինչև առաջնորդություն․Մարինե Մկրտչյանի հաջողության պատմությունը

Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժնի շրջանավարտ, այսօր արդեն «Ռուսական արվեստի թանգարան»-ի տնօրեն Մարինե Մկրտչյանը, հեռավոր 2001 թվականին ճակատագրի բերումով հայտնվեց Մանկավարժական համալսարանի (ինստիտուտի) Կուլտուրայի ֆակուլտետում։

Այսօր ոլորտի առաջատար մասնագետը հենց Մանկավարժական հալասարանում անցկացրած 4 տարիներն է համարում մասնագիտական զարգացման կարևոր ճանապարհ։ Ինչպես ինքն է նշում՝  բուհն ավարտելուց անցել  է ավելի քան 20 տարի, բայց նա շարունակում է հավատարիմ  մնալ թանգարանագետի  մասնագիտությանը։

«Ռուսական արվեստի թանգարան»-ի տնօրեն Մարինե Մկրտչյանն այժմ դասավանդում է նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում,  ինչպես նաև  «Թանգարանի աշխատողների և բարեկաների ասոցիացիա»-յի տնօրեն է։

Տարիներ շարունակ նրա աշխատանքը նպատակաուղղված է եղել թանգարանների կառավարման ժամանակակից մեթոդների ուսումնասիրությանն ու կիրառմանը, նորարարական մոտեցումների ներդրմանն ու  հանրության ներգրավման բարձրացմանը։

Ռուսական արվեստի թանգարանը ղեկավարելու ընթացքում Մարինե Մկրտչյանին  հաջողվել է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ, զարգացնել հանրային ծրագրերը, նպատակային ֆոնդի հայթայթման շնորհիվ իրականացնել ժամանակակից և միջազգային ցուցահանդեսներ։

Ըստ նրա, իր  յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում թանգարանի կառավարման արդի մեթոդներն են, որտեղ կարևորվում է նաև թիմային մոտիվացված աշխատանքը։

Մարինե Մկրտչյանի մասնագիտական մտահայեցողության վրա կարևոր ազդեցություն են նաև ունեցել միջազգային վերապատրաստումները, որոցից առանձնահատուկ նշանակություն է տալիս 2010 թվականին  Անտվերպենի համալսարանի «Թանգարանների կառավարման» ամառային դպրոցին, 2014 թվականին Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման դասընթացին, 2017 թվականին ԱՄՆ-ում և Չինաստանում  թանգարանների կառավարման դասընթացներին։

Ինչպես նշում է նա՝ այս փորձառությունները խթանել են մասնագիտական կարողությունների, նոր հմտությունների զարգացմանը, կառավարման արդիական մոդելների վերաբերյալ գիտելիքները խորացնելուն, մշակութային գործունեության զարգացմանը, թիմային աշխատանքի արդյունավետ մեթոդների և նոր գործընկերային հարաբերությունների կառուցմանը։

Մարինե Մկրտչյանն ուրախ է, որ  պատիվ ունի  զգալու նաև ուսուցիչ լինելու բերկրանքն ու  այս ամբողջ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները  մեծ պատասխանատվությամբ փոխանցել  նաև ապագա մասնագետներին՝ խթանելով ոչ միայն թանգարանագետի մասնագիտությունը, այլև՝ թանգարանագիտության և այլ գիտակարգերի ներդաշնակեցումը։

«Վստահ եմ, որ իմ ուսանողներն էլ ավելի համարձակ են լինելու, իսկ մշակութային ռեֆորմները լինելու են անխուսափելի։ Ես պատրաստ եմ  իմ ակտիվ մասնակցությամբ, նորարար գաղափարներով և ձեռք բերած գիտելիքների կիրառմամբ առավելագույն արդյունք ապահովել՝ ուղղելով թե՛ իմ ղեկավարած թանգարանի, թե՛ թանգարանագիտության ոլորտի զարգացմանը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Մարինե Մկրտչյանը։