Ավագյան Հասմիկ Աղասիի

Մանկավարժականից դեպի Եվրոպա․ իմ էրազմուսյան պատմությունը

Իմ կյանքի ամենաանմոռանալի և իմաստալից փուլերից է Աթենքում անցկացրած 3 ամիսը, որտեղ հայտնվել էի Էրազմուս + ծրագրի շրջանակներում։
Այն, ինչ սկզբում պարզապես ակադեմիական հնարավորություն էր թվում, աստիճանաբար վերածվեց ինքնաբացահայտման, անկախության և անձնական աճի ճանապարհորդության։

Այս ամենն իրականություն դարձավ իմ հարազատ բուհի՝ Հայկակական պետական մանկավարժական համալսարանի, միջազգային կապերի և իմ նկատմամբ եղած վստահության շնորհիվ։

Հունաստան տեղափոխվելը նախևառաջ նշանակում էր դուրս գալ իմ հարմարավետության գոտուց։ Սկզբում ամեն ինչ անծանոթ էր թվում՝ նոր երկիր, այլ մշակույթ, նոր մարդիկ և ամբողջովին այլ առօրյա։ Սակայն, ժամանակի ընթացքում Աթենքը սկսեց երկրորդ տուն դառնալ ինձ համար։ Ես սովորեցի հարմարվել, ավելի շատ վստահել ինքս ինձ և անգամ անծանոթ միջավայրում գտնել հարմարավետություն ու խաղաղություն։ Այդ օրերին հատկապես ես զգում էի պատասխանատվություն՝ արտերկրում լավագույնս ներկայացնելու ոչ միայն իմ երկիրը, այլև Մանկավարժական համալսարանը, որն ինձ վստահել էր այս պատասխանատու առաքելությունը։

Ակադեմիական փորձից բացի, ծրագիրն ինձ պարգևեց հիշողություններ, որոնք բառերով գրեթե անհնար է նկարագրել։ Տարբեր ազգերի մարդկանց հետ զրույցներ, անծանոթ մշակույթների ճանաչում, որոնք այնքան տարբեր էին, բայց միևնույն ժամանակ ինչ-որ կերպ կապված։ Կարևոր էին նաև ամենապարզ պահերը՝ Աթենքի փողոցներով զբոսնելը, մայրամուտներ դիտելը, նոր վայրեր բացահայտելը, նոր ուտելիքներ փորձելը, փոքր բաների վրա ծիծաղելն ու յուրաքանչյուր պահն ամբողջությամբ ապրելը։

Արտերկրում ապրելն ինձ սովորեցրեց լինել անկախ․ միայնակ լուծել խնդիրներ, դառնալ ավելի ճկուն։ Տնից հեռու լինելը ստիպեց ինձ ավելի գնահատել և՛ իմ մշակույթը, և՛ ուրիշների մշակույթները ճանաչելու արվեստը։ Այս ամենի հետ մեկտեղ, ես վերաիմաստավորեցի նաև այն կրթական հիմքը, որը ստացել եմ ՀՊՄՀ-ում. այն ինձ թույլ տվեց հանդես գալ միջազգային լսարաններում և հպարտանալ իմ մասնագիտական պատրաստվածությամբ։

Էրազմուսը շատ ավելին է, քան պարզապես ուսուցում։ Այն աճի, մարտահրավերների, հիշողությունների և սեփական անձը նորովի բացահայտելու մասին է։ Այդ 3 ամիսներն ինձ վերափոխեցին, տվեցին փորձառություն, դասեր ու մարդկանց, որոնց ես ինձ հետ կպահեմ ամբողջ կյանքում։

Միշտ շնորհակալ կլինեմ Հայկական պետական մանկավարժական համալսարանին և այն մարդկանց, որոնք հնարավորություն ընձեռեցին, պատրաստեցին դժվարությունների, օգնեցին ինձ աճել։