Մանուկյան Ժաննա Միքայելի
Ժաննա Մանուկյանի մասնագիտական հաջողության հիմքում աշխատասիրությունը, մասնագիտության հանդեպ խոր հարգանքն ու պատասխանատվությունն են։
Արմավիրում ծնված Ժաննա Մանուկյանը դեռ վաղ տարիքից հետաքրքրվում էր մշակույթով, պատմությամբ և ազգային արժեքների պահպանությամբ։
2003 թվականին ընդունվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետ՝ ընտրելով «Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն» մասնագիտությունը։ Հենց ՀՊՄՀ-ում էլ սկսվեց նրա մասնագիտական կայացման ուղին։ Ուսանողական տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու փորձառությունը դարձան նրա հետագա գործունեության ամուր հիմքը։
Մասնագիտական զարգացման նպատակով նա մասնակցել է բազմաթիվ միջազգային ծրագրերի և վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում՝ Բրիտանական թանգարանի միջազգային ծրագրից մինչև թանգարանային կառավարման, կրթական ծրագրերի, շուկայավարման, առաջնորդության և կայուն զարգացման թեմաներով դասընթացներ։
2011 թվականին Ճապոնիայի Ազգագրության ազգային թանգարան–միջհամալսարանական գիտահետազոտական ինստիտուտում (MINPAKU) ավարտել է թանգարանագիտության արագացված դասընթացը՝ ստանալով թանգարանային փորձագետի միջազգային հավաստագիր։
Մասնագիտական կրթությունը շարունակելու նպատակով 2012–2015 թվականներին սովորել է նաև Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ ստանալով մշակութաբանության մագիստրոսի որակավորում։ Նրա մագիստրոսական հետազոտությունը նվիրված էր հուշային թանգարանների կառավարման արդի հիմնախնդիրներին և հայաստանյան փորձին։
Աշխատանքային գործունեությունը սկսել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, որտեղ ավելի քան տասը տարի զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ։ Նրա նախաձեռնությամբ կյանքի են կոչվել կրթամշակութային մի շարք ծրագրեր, հիմնադրվել է «Սարյան» արվեստի ստուդիան, որը նպաստել է թանգարանի գործունեության և Մարտիրոս Սարյանի արվեստի հանրահռչակմանը։
Հետագայում իր մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդրել է նաև պետական կառավարման համակարգում՝ աշխատելով ՀՀ մշակույթի, ապա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ նպաստելով թանգարանային ոլորտի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանը։
2020 թվականից Ժաննա Մանուկյանը ղեկավարում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են բազմաթիվ գիտակրթական և մշակութային նախաձեռնություններ, կազմակերպվել են Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները, իսկ Չարենցի երկերի նոր՝ 13-հատորյա ակադեմիական հրատարակության նախագիծը դարձել է վերջին տարիների կարևորագույն մշակութային նախաձեռնություններից մեկը։
Նա նաև հրատարակության խմբագրական խորհրդի անդամ է։
Ժաննա Մանուկյանը հեղինակ և ղեկավար է նաև տասնյակից ավելի հրատարակությունների, Չարենցավանի Եղիշե Չարենցի հուշասրահի հիմնական ցուցադրության և մի շարք ցուցահանդեսների, որոնք նպաստել են հայ մշակութային ժառանգության հանրայնացմանը։
Մասնագիտական հաջողություններին զուգահեռ նրա կյանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկն ընտանիքն է։ Հենց ՀՊՄՀ-ում, ուսանողական տարիներին, նա հանդիպեց իր ապագա ամուսնուն։ Ընդհանուր հետաքրքրություններն ու փոխադարձ վստահությունը ժամանակի ընթացքում վերածվեցին ամուր ընտանիքի՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ համալսարանական տարիները կարող են դառնալ ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կյանքի կարևորագույն շրջադարձերի սկիզբ։
Ժաննա Մանուկյանի պատմությունը վկայում է, որ հետևողական աշխատանքը, շարունակական ինքնակրթությունն ու մասնագիտությանը նվիրվածությունը կարող են վերածվել երկարամյա հաջողության։
Նրա մասնագիտական ուղին ՀՊՄՀ-ի շրջանավարտի այն օրինակներից է, որը տարիներ շարունակ իր ներդրումն է բերում Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։