ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ վերապատրաստված 140 դասախոսներին
25.12.2015
Հավաստագրեր՝ վերապատրաստված 140 դասախոսներին

Օրերս ամփոփվեցին «Աղետների ռիսկերի նվազեցման կրթության ամրապնդումը ՀՊՄՀ-ի ուսումնական պլանում» ծրագրով բուհում անցկացվող վերապատրաստումների արդյունքները:

Այդ շրջանակներում համալսարանի 140 դասախոս և ասպիրանտ վերապատրաստվեցին մի քանի ուղղությամբ՝ արտակարգ իրավիճակների պայմաններում բնակչության առաջին բուժօգնության կազմակերպում, կայուն զարգացման համատեքստում համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ, աղետների ռիսկերի նվազեցման հոգեբանական հիմունքներ և ուսուցչի ԱՌՆ մշակույթի ձևավորման ուղիներ ու միջոցներ:

Մասնակիցներին հավաստագրեր հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը և ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Արա Երեմյանը:

Վերջիններս կարևորեցին աղետների ռիսկերի նվազեցման կրթության դերը յուրաքանչյուր մարդու՝ հատկապես ապագա մանակավարժների կյանքում և մասնագիտական գործունեության մեջ, քանի որ հիմնականում իմացության և տեղեկացված լինելու պակասով են պայմանավորված արտակարգ իրավիճակներում իրենց և միջավայրը պաշտպանելու նախադրյալները:

Ամփոփելով վերապատրաստող դասախոսների և վերապատրաստվողների կարծիքներն ու առաջարկները՝ պրոռեկտորը ևս նկատեց՝ առկա թերություններն ու բացթողումները կշտկվեն, եթե վերապատրաստումները լինեն շարունակական:

Արդյունքների մասին խոսեցին նաև ամբիոնների վարիչ-վերապատրաստող դասախոսներ Կարինե Դանիելյանը, Լաուրա Ասատրյանը, Մելս Մկրտումյանը, Հակոբ Գրիգորյյանն ու Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը:

Վերջիններս փոխանցեցին վերապատրաստվողների՝ արտակարգ իրավիճակները վերահսկելու համար ավելի շատ գործնական դասաժամեր ունենալու, դրանք շարունակական դարձնելու առաջարկը և հավելեցին՝ պետք է ընկալել, հասկանալ և կարևորել տեղեկատվության բնույթը:

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանն էլ փաստեց՝ արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու, առաջին բուժօգնության տեսական և գործանական հմտություններին ուսանողներն առավել շատ են տիրապետում, քան դասախոսները. պետք է խուսափել այս անհամաչափությունից, քանի որ դասախոսների ձեռքերում են վաղվա ուսուցիչները:

Նշենք, որ «ԱՌՆ–ն մանկավարժական ուսումնական  պլանում ամրապնդելու» թեմայով վերապատրաստումներն անցկացվեցին Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման գործողությունների կայունության ապահովման» ծրագրի շրջանակներում: