ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում մեկնարկեց ամենասպասված ուսանողական ձեռնարկներից մեկը՝ միջազգային ծրագիրը՝ «Ամառային դպրոց-2025»-ը, որին այս տարի մասնակցում է Մանկավարժականի և բուհի գործընկներ կառույցների՝ ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային, Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական, Արմավիրիր պետական մանկավարժական, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական, Ուրալի դաշնային համալսարաններից շուրջ 50 ուսանող։
Ուսումնաճանաչողական այցեր, զրույց-քննարկումներ, հանդիպումներ, խաղեր․ օգոստոսի 24-31-ն անցկացվող միջազգային ուսանողական ծրագիրը խոստանում է լինել գերհագեցած և հետաքրքիր առօրյայով լի։
Դրոշների բարձրացում և ծրագրի պաշտոնական բացումն ազդարարված է․մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու ընդգծեց՝ ուրախ են հյուրընկալել աշխարհի հնագույն և գեղեցիկ երկրներից մեկում, որտեղ կրթությանը զուգահեռ, հնարավորություն կտրվի բացահայտել ու զգալ Հայաստանը։
Պրոռեկտորը վստահեցրեց՝ ծրագիրը, որ ավանդաբար մեկ հարկի տակ է հավաքում ուսանողներին, հնարավորություն կտա երկխոսել, ծանոթանալ միմյանց մշակույթին, ունենալ անմոռանալի օրեր, զարգանալ և զարգացնել սեփական անձը։
Մարիաննա Հարությունյանը, որպես Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, ծրագրի մասնակիցներին ներկայացրեց ինտերակտիվ դասախոսություն՝ «Ներառականության համընդհանուր համատեքստը կրթության համակարգում և հասարակությունում» թեմայով։ Նա անդրադարձավ համաշխարհային կրթական համակարգում առկա խնդիրներին, խոսեց Ֆինլանդիայում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման գործընթացի, մեր երկրում ներառականության մոդելի, ոլորտի բացթողումների և նորարարությունների մասին։
ՀՊՄՀ պրոռեկտորը հետաքրքրվեց մասնակիցներից «ներառականություն» եզրույթի ընկալման, իրենց միջավայրում դրա կիրառման վերաբերյալ, խոսեց նաև կրթական մեթոդների փոփոխության, ուսուցչի և աշակերտի փոփոխված դերի, տեղեկատվական գրագիտության, արհեստական բանականության և դրանով պայմանավորված մարդկության ապագայի մասին։
Ծրագրի մասնակիցներին ողջունեց նաև ՀՊՄՀ Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծրագրի համակարգող Աննա Հախումյանը: Նա «Ամառային դպրոց» ծրագիրը երկրների միջև բարեկամության հաստատման կարևոր խորհրդանիշ համարեց, ինչը տարեցտարի ամրապնդվում է մարդկային շփման, մշակութային և կրթական ասպարեզներում։
«Ամառային դպրոց» ծրագրի առաջին օրը «Մենք և մեր բուհը» խորագրի շրջանակներում մասնակիցները ներկայացրին իրենց կրթական հաստատությունները։ Ի դեպ, կրթականից բացի, մասնակիցների համար այն նշանավորվեց ազգային պարերի ուսուցմամբ։
Նշենք, որ առաջիկա օրերին ծրագրի մասնակիցների համար կկազմակերպվեն դասախոսություններ, այցեր մեր երկրի պատմամշակութային վայրեր՝ Հաղածին, Գոշավանք, Սևանի թերակղզի, Մատենադարան․ նրանք կծանոթանան հայոց պատմությանը, պատմամշակութային կարևոր կառույցներին, կբացահայտեն Հայաստանն ու հայ երիտասարդների կյանքը։