Օրերս ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում կայացավ պոլսահայ մտավորական Գևորգ Պ. Հակոբյանի (ԱՄՆ)՝ վերջերս լույս տեսած «Հայոց կրթական հաստատություններու պատմություն՝ Օսմանյան գավառներու մեջ» երկհատոր գրքի շնորհանդեսը:
Ստվարածավալ աշխատությունը շարունակությունն է «Պատմություն իսթանպուլահայ ուսումնական կյանքի և կրթական հաստատություններու» հատորի, ուր ներկայացված է պատմական Պոլիս քաղաքի վարչական շրջանների 170 հայ վարժարանների պատմությունը: Այս գրքում մինչև 1915 թվականը Օսմանյան կայսրության գավառների մեջ գործած մոտավորապես 1000 հայկական կրթական հաստատությունների և որբանոցների պատմությունն է․դրանցում ուսանում էին 120 հազար երկսեռ աշակերտներ՝ 5000-ի հասնող ուսուցիչներով։
Շնորհանդեսին ելույթ ունեցան և գիրքն արժևորեցին Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, նույն ամբիոնի դոցենտ և կենտրոնի գիտական աշխատող Քնարիկ Աբրահամյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, հատորի ցանկերի կազմող Վերա Սահակյանը, Բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողներ Սուսաննա Չարչյանն ու Անի Պապիկյանը:
Բանախոսներն իրենց ելույթներում ընդգծեցին տասնամյակների տքնաջան աշխատանքը, որ կատարել է հեղինակը՝ նյութը համակարգելու համար դիմելով ոչ միայն Պոլսո Հայոց Պատրիարքարանի և այլ հայկական աղբյուրների, այլև օսմանյան արխիվներին:
Նրանք ընդգծեցին՝ այս գրքերը վկայում են Օսմանյան կայսրության մեջ հայության կրթական հարուստ անցյալի մասին, ինչին հասու լինելը ուսանելի է ապագա մանկավարժների համար։ Բանախոսները նկատեցին՝ այն արժևորում է հայության մշակութային և հոգևոր ժառանգությունը, կարևոր դեր ունի ազգային ինքնության պահպանման, գիտական ուսումնասիրությունների հարստացման գործում և միաժամանակ վստահելի գիտական հենք է հետագա հետազոտությունների համար։
Շնորհանդեսի ավարտին շնորհակալական խոսք ասաց հեղինակը՝ Գևորգ Պ. Հակոբյանը՝ հիշատակելով գրքի խմբագիր Մաքրուհի Պ. Հակոբյանի բծախնդիր աշխատանքը, Պոլսի «Փարոս» պարբերաթերթի հրատարակչությանը՝ խմբագիր Մայտա Սարիսի առաջանորդությամբ, ելույթ ունեցողներին և ուրախություն հայտնեց ուսանողության ներկայության համար:
Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանն իր խոսքում ընդգծեց՝ աշխատությունը կարևոր գիտական ներդրում է հայ կրթության պատմության ուսումնասիրության մեջ։
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան բուհի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթության բաժնի առաջին կուրսի ուսանողներ Ալյոնա Գրիգորյանն ու Էրիկ Ալավերդյանը: