ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գագիկ Երկրորդ»-ը՝ ընթերցողի սեղանին
03.09.2025
«Գագիկ Երկրորդ»-ը՝ ընթերցողի սեղանին

Լույս է տեսել ՀՊՄՀ գրադարանի տնօրեն, պատմաբան, գրող, մատենագետ, մշակութաբան Տիգրան Պետրոսյանցի «Գագիկ Երկրորդ․ Անիի, Պիզուիի հայոց թագավոր, հայոց շահնշահ» պատմաքաղաքական վեպի նախնական տարբերակը՝ «Գագիկ Երկրորդ»։

Ընթերցողի աչքին հառնում են Բագրատունյաց արքայատոհմի պատմության վերջին ցավալի իրադարձությունները՝ Գագիկ Երկրորդի գահազրկումը և գերեվարումը, հեռավոր Միջերկրականի հարևանությամբ հայկականության արագընթաց ծլարձակումը, իշխանական տոհմերի համախմբումը, համառ ջանքերի գնով միասնականության և համերաշխության հաստատումը, թշնամի, օտար պետությունների և գործիչների դեմ հայտարարված ու չհայտարարված անհավասար, երկարատև հակամարտությունը և այլն։

Ինչպես նկատում է գլխավոր խմբագիր, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Էդիկ Գևորգյանը՝ այն լոկ գրական ստեղծագործություն չէ․ աղբյուրագիտական շատ հարուստ հենքի վրա հեղինակին հաջողվել է կերտել կուռ աշխատանք, որն ընթերցվում է մեկ շնչով․«Վեպում կարմիր թելի պես, հստակորեն ուրվագծվում են Բագրատունյաց վերջին արքայի, նրան շրջապատող ազատանի և անազատ խավերի կերպարներն ու գործերը։ Տիգրան Պետրոսյանցի պատմաքաղաքական վերպի գլխավոր արժանիքը, թերևս, սերունդներին իրական հայրենասիրության դասեր հաղորդելն ու փոխանցելն է, ինչն այսօր առավել ևս խիստ անհրաժեշտ է և օրախնդիր»։

Հայոց պատմության պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը, որպես պատմաբան, նշում է՝ Տիգրան Պետրոսյանցը  գեղարվեստական մեծ վարպետությամբ ներկայացնում է հայոց թագավորի խրոխտ կերպարը թե՛ գրականության կարճատև, բայց հերոսական և թե՛ գերության ու աքսորի ծանրագույն ժամանակաշրջանում։ Ըստ նրա, ընթերցողը ծանոթանալով երիտասարդ արքայի հերոսապատում կյանքի հուզումնառատ դրվագներին, տոգորվում է հայրենական շնչով, հուզմունքի և հպարտության պահեր ապրում։

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն էլ որպես գրականագետ  նկատում է՝ հեղինակը հայ միջնադարյան դասական ավանդույթի հետևորդն է․ վեպի հեղինակը խորապես օգտվել է քաջ արքայի մասին պատմող միջնադարյան գրեթե բոլոր աղբյուրներից։ Պրոֆեսորի դիտարկամամբ՝ վերպը գրված է հայ դասական պատմավեպի ավանդներով, վավերականը և գեղարվեստական սերտորեն միահյուսված են, հստակորեն ընթերցողին ներկայացնում են պատմական իրականությունը․«Վեպը հանձնարարելի է հատկապես հայ ուսանողությանը՝ մեր ապագային»,- նշված է Աելիտա Դոլուխանյանի գրականագիտական խոսքում։

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանցը ծավալում է ստեղծագործական հարուստ գործունեություն․ «Գագիկ Երկրորդ» վեպը հեղինակի 68-րդ գիրքն է։