ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայումկայացավ «Ամառային դպրոց-2025» միջազգայինծրագրի ավարտական ամփոփիչ միջոցառումը:
Ծրագիրն այս տարի ևս Հայաստան բերեց բուհի ՌԴ գործընկեր առաջատար կրթական հաստատությունների ուսանողների և ծրագրի շուրջ 50 մասնակից անմոռանալի և գերհագեցած մեկ շաբաթ անցկացրեց մեր երկրի տարբեր անկյուններում:
Համալսարանի ղեկավարության հովանու ներքո, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի և Ուսանողական խորհրդի համատեղ ջանքերի շնորհիվ կայացավ ևս մեկ հաջողված ծրագիր, որը ուսանողների փոխշփման, մշակութային երկխոսության, երիտասարդական ակտիվությունն ու անհատական խառնվածքները միատեղող, ուսումնաճանաչողական նախաձեռնությունները, կրթական և մարզական առօրյան համատեղող լավագույն հարթակը դարձավ:
Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ ծրագրի հաջողության հիմքում թիմային աշխատանքն է:
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ողջունեց և ընդգծեց՝ ուրախ են, որ այս տարի ևս մասնակիցներն ունեցան անմոռանալի օրեր. կյանքում ամենակարևորը հետաքրքիր իրադարձությունների մասին հիշողություններն ու նրանց պարգևած զգացողություններն են:
«Շատ կարևոր է, թե ինչպես կսկսեք նոր ուսումնական տարին. համոզված եմ՝ դուք այստեղից ձեր քաղաքներ եք տանում ջերմ հիշողություններ և բարի հուշեր: Ոչինչ չի կարող խաթարել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը. ուրախ ենք մշտապես ձեզ հյուրընկալել մեր փոքրիկ, բայց հրաշալի Հայաստանում: Ձեր սրտերի մի անկյունում պահեք այս գեղեցիկ հիշողությունները մեր հրաշալի երկրի մասին»,-նշեց Մարիաննա Հարությունյանը:
Պրոռեկտորը վստահեցրեց՝ ծրագրի կայացման հիմքում հսկայական աշխատանքն է և ընդգծեց Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի տեղակալ Աննա Հախումյանի աշխատանքը նախագծի համակարգման ողջ ընթացքում:
Աննա Հախումյանը վստահեցնում է՝ ամեն տարի ծրագիրը բովանդակային փոփոխություններ է կրում.մասնակիցներն էլ տարեցտարի տարբերվում եննախորդներից.այս տարի ծրագրին առաջին անգամ մասնակցեցին նաև ՌԴ Արմավիրի մանկավարժական համալսարանի ուսանողներ:
Աննա Հախումյանը փաստում է՝ ծրագիրը տևում է 7 օր, բայց պատշաճ կազմակերպման համար աշխատում են ամբողջ տարին. նկատում է՝ հաջողված ծրագրին մասնակցելու համար առաջատար բուհերի մեծ թվով մասնակիցներ են դիմում:
ՈւԽ նախագահ Պարույր Գալստյանն էլ վստահեցնում է՝ յուրաքանչյուր տարվա ծրագրի կազմակերպումը յուրովի առանձնահատուկ է. մասնակիցներն ամեն տարի տարբեր է. «Մենք գործընկեր բուհերի ուսանողներին ծանոթացնում ենք հայկական մշակույթին՝ նրանց տալով ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև կազմակերպում այցելություններ մեր հիասքանչ երկրի դիտարժան վայրեր: Այս օրերի ընթացքում այցելել ենք Գոշավանք, Հաղարծին, Սևանա վանք, Կեչառիս, Գառնի, Գեղարդ, օգտվել են զիփլայնից: Երկու օր էլ մասնակիցներին ցույց ենք տվել մայրաքաղաք Երևանը»:
Ուսանողական կառույցի ղեկավարը կարևորում է մասնակիցների այցելությունները մշակութային վայրեր. այդ կերպ նրանք բացահայտում են Հայաստանը: Ասում է, որ հետադարձ կապի միջոցով էլ հասկանում են՝ ծրագրի մասնակիցները անմոռանալի տպավորությամբ են հեռանում Հայաստանից և Մանկավարժական համալսարանի կազմապերպած ամառային դպրոցից.«Սա թիմային մեծ աշխատանքի արդյունք է. մենք աշխատում ենք բուհի տարբեր բաժինների հետ, և ծրագիրն իսկապես հաջողում է»:
Աղավնաձորյան բոլոր օրերը հագեցած էին, իսկ վերջին օրն աչքի ընկավ մասնակիցների ելույթներով, որոնք ներկայացրին իրենց քաղաքների ու համալսարանների պատմությունները:
Մաքսիմ Չեռնոուխովը Ուրալի Դաշնային համալսարանի համաշխարհային տնտեսագիտության միջազգային բիզնես ծրագրի 2-րդ կուրսի ուսանող է:
Նա պատմում է Հայաստանից և Հայկական մանկավարժական համալսարանից ստացած իր տպավորություների մասին. արդեն գիտի՝ այնտեղ սովորում և աշխատում են հրաշալի մարդիկ, որոնց հետ բարեկամացել են:
Մաքսիմը հատկապես տպավորված է վանական համալիրներ ու տաճարներ այցելությունից.Գոշավանք, Հաղարծին, Գառնի, Սևանա լիճն ումայրաքաղաք Երևանը հմայիչ էին:
Նախկինում չի ունեցել հայ ընկերներ, իսկ հիմա նրանք շատ են: Այստեղ նրանք հոգացել են իրենց մասին, միշտ եղել իրենց կողքին։
Դժվարանում է առանձնացնել այստեղ անցկացրած օրերից որևէ մեկը. բոլորն էլ հագեցած էին տարբեր իրադարձություններով: Նա իր գոհունակությունն է հայտնում Մանկավարժական համալսարանի և Ուրալի դաշնային համալսարանի Էկոնոմիկայի և կառավարման ինստիտուտի ղեկավարությանը՝ Հայաստան այցելելու և նման հիասքանչ ծրագրի մասնակցելու հնարավորության, հրաշալի երկրի և մարդկանց հետ ծանոթանալու համար:
Ծրագրին մասնակիցներից է նաև Բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի հեռակա ուսուցման համակարգի ուսանողուհի Նարինե Սաղաթելյանը: Նա արդեն չորրորդ մասնագիտությունն է ստանում. խոստովանում է՝ ամեն ինչ կազմակերպված է անթերի, հավուր պատշաճի: Հետաքրքիր է, երբ հավաքվում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ և փորձում տարբեր հարցերի շուրջ լուծումներ գտնել:
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, որպես ամփոփում, ծրագրի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:
«Ամառային դպրոց-2025» ծրագրի մասնակիցները Հայաստանից կտանեն վառ հիշողություններ, որով էլ կսկսեն նոր ուսումնական տարին: