ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժական դարբնոցն 91 տարեկան է
07.11.2013
Բոլոր ժամանակներում մանկավարժը գլխավոր դերակատարություն է ունեցել հասարակության կրթության և դաստիարակության գործում՝ ապահովելով սերունդների՝ կիրթ, բանիմաց, կայուն աշխարհայացքով ու գիտելիքներով զինված հերթափոխ:
20-րդ դարասկզբին, երբ հասարակության միայն 30 տոկոսն էր գրագետ, առաջնային խնդիր էր դարձել մանկավարժական որակյալ մասնագետների պատրաստումը. 1922 թվականի նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանի Մանկավարժության ֆակուլտետի հենքի վրա ստեղծվեց Մանկավարժական ինստիտուտը, որ 1948 թվականից կրում է Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը:
Արդեն 91 տարի Մանկավարժական համալսարանը հանդիսանում է բարձրագույն կրթության ոլորտի այն առաջատարը, որն իր վրա է վերցրել անմնացորդ նվիրումի խորհրդանիշ հանդիսացող մասնագիտության՝ ուսուցիչների պատրաստման կարևորագույն ու վեհ առաքելությունը:
Համալսարանը մանկավարժներ է պատրաստում շուրջ 47 մասնագիտությունների գծով, որն իրական բանալի է շրջանավարտների համար տարբեր ոլորտներում լավագույնս դրսևորվելու և ներկայանալու համար:
Գործունեության ողջ ընթացքում բուհն անմասն չի մնացել գիտության վերջին նվաճումներից, սահմանել է մանկավարժագիտության նոր սկզբունքներ՝ զարգացած երկրների կրթական փորձը հարմարեցնելով ավանդական մոտեցումներին:
Համալսարանն այսօր էլ սահուն քայլերով առաջ է ընթանում, իր առջև դնում նոր խնդիրներ ու նպատակներ՝ բուհի պատմության մեջ ամրագրելով գիտնականների նոր անուններ ու ձեռքբերումներ գիտության տարբեր ոլորտներում:
Կրթօջախի շեմից ոտք դնող ուսանողն արդենիսկ վստահ է ու համոզված՝ մանկավարժի մասնագիտությունը սահմաններ չունի ժամանակի մեջ. այն եղել է, կա և կմնա բոլոր ժամանակների՝ ակնածանքի և մեծարման արժանի մասնագիտություն: