Այսօր Գիտելիքի և դպրության օրն է․Մանկավարժական համալսարանում ևս մեկնարկեց նոր ուսումնական տարին։
Ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը շարունակում է կիրթ և բանիմաց հասարակություն ձևավորելու իր սուրբ առաքելությունը։ Բուհի ուսանողները, կշարունակեն մեկտեղել մանկավարժության ազգային և միջազգային փորձը, դառնալու աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ամենատարբեր ոլորտների առաջատար մասնագետներ։
Բուհի բազմապրոֆիլ և արդեն ավանդական մասնագիտություններից բացի, համալսարանն այս տարի ունեցավ նաև դիմորդներ մի շարք նոր մասնագիտությունների գծով, որոշներն էլ վերաբացվեցին՝ «Արվեստ-արհեստ», «Հատուկ մանկավարժություն», «Էրգոթերապիա»։
Ինչպես նկատեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը, մեծ ջանքերի շնորհիվ Մանկավարժականում կրկին կպատրաստեն էրգոթերապևտներ, ինչը մեծ կարևորություն ունի համընդհանուր ներառականության համատեքստում․«Կանադայում, ԱՄՆ-ում այս մասնագիտությունն ամենակարևորն ու մեծ պահանջարկ ունեցողներից է։ Այցելուների կարիքի գնահատում, թիմային աշխատանքի դեր և նշանակություն, վերականգնողական միջոցառումներ, միջավայրային պայմանների հարմարեցումներ․այս ամենը վաղուց պահանջված է քաղաքակիրթ աշխարհում, իսկ ֆակուլտետում նման մասնագիտացման վերաբացումը անհրաժեշտություն էր»։
Ֆակուլտետի դեկանը կարևորեց նաև «Հատուկ մանկավարժություն» մասնագիտության գծով ընդունելությունը՝ նկատելով, որ ոլորտի մի շարք մասնագիտությունների միավորմամբ փորձ է արվում լուծել նաև աշխատաշուկայի հետ հապատասխանության հարցը։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետում նույնպես այս ուսումնական տարում դիմավորեցին նոր մասնագիտության գծով ընդունված դիմորդների։
«Արվեստ-արհեստ» մասնագիտությամբ ուսանողները կստանան մակավարժի որակավորում․ մասնագիտությունը կլուծի դպրոցում «Արվեստ» առարկայի գծով մասնագետների բացը։
Այսպիսով, նոր ուսումնական տարին Մանկավարժականում դիմավորեցին տոնական տրամադրությամբ և կարևոր ուղերձով, որ գիտելիքը գերագույն արժեք է և գիտակրթական առաջընթացի հիմնասյունը։
Բուհի ամենակարևոր մարդկանց` ուսանողներին մաղթեցին լուսավոր ճանապարհ և ակտիվ ուսանողական առօրյա: