ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նշեցին Աստվածածնի Վերափոխման տոնը
18.08.2025
Նշեցին Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 17-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և ամենահինը՝ նվիրված Տիրամորը:

Այդ առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդն ակտիվորեն համագործակցեց Արթիկի թեմի և Երազ այգու հետ:

Արթիկի թեմի կազմակերպած տոնական միջոցառումն անցավ ազգային երգ ու պարի ուղեկցությամբ․կատարումներով հանդես եկավ Արթիկի Angels Dance Studio-ն և Pink Stones երաժշտական խումբը։

ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի ակտիվը  մասնակցեց և իր կարևոր ներդրումն ունեցավ տոնական միջոցառումների կազմակերպչական աշխատանքներում:

Երազ այգում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգ, ապա «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի և «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ ներկայացվեց հարսանեկան ծիսակատարություն:

Անցկացվեցին նաև վարպետաց դասեր, մասնավորապես՝ «Տերյան» մշակութային կենտրոնում՝ բատիկ, կերամիկայի վրա նկարազարդում, տարազների նկարազարդում, մակրամե, տիկնիկագործություն, իսկ «Նավակատիք»-ում՝ խաչբուռի հյուսում, կարպետագործություն, թաղիքագործություն, խեցեգործություն:

Միջոցառումն ամփոփվեց «Տարազֆեստ-2025»-ն ու «Էթնո գույներ» խմբի կենդանի համերգով, որի ընթացքում ներկայացվեցին էթնիկ ժանրում լավագույն երգերի կատարումները:

Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ աբովյանականներն այցելեցին նաև մեր երկրի միջնադարյան վանական համալիրներց մեկը՝ Հառիճավանք: