ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց աշակերտական ցուցահանդես
26.04.2024
Բացվեց աշակերտական ցուցահանդես

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահում բացվել է աշակերտական յուրատեսակ ցուցահանդես։

Ցաուցադրված է Ստ․ Զորյանի անվան համար 56 հիմնական դպրոցի «Գույների աշխարհ» նկարչական խմբակի 45 սանի շուրջ 60 ստեղծագործություն։

Բացմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ, փոքրիկ ստեղծագործողների արվեստի երկրպագուներ, աշակերտներ։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը շնորհավորեց աշակերտներին, ուսուցիչներին և ուրախալի համարեց այն, որ նման ցուցահանդեսները ֆակուլտետի առօրյան են դարձել․ «Այս ցուցադրություններով ամրապնդվում է բուհ-շրջանավարտ-դպրոց ուղիղ կապը։ Մեզ համար կրկնակի ոգևորող է, որ խմբակի ուսուցիչները մեր ֆակուլտետի շրջանավարտներն են»։

Արա Հակոբյանը խոստովանում է՝ աշակերտների հեքիաթային ստեղծագործությունները խորհրդանշում են անկեղծություն և դիտողին փոխանցում գունեղ տրամադրություն։

Ստ․ Զորյանի անվան համար 56 հիմնական դպրոցի փոխտնօրեն Նորա Մարգարյանը ևս շնորհավորեց աշակերտներին և շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ աջակցելու, երեխաներին ցուցադրվելու հնարավորություն ընձեռելու, դպրոց-բուհ կապը ամրապնդելու համար։

«Գույների աշխարհ» խմբակի կերպարվեստի ուսուցիչներ Նաիրա Պողոսյանն ու Մարիա Էլմաջյանը Մանկավարժականի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի շրջանավարտներ են։ Խմբակը հիմնադրվել է շուրջ մեկ տարի առաջ․ այսօր արդեն 45 սանի աշխատանքն է ցուցադրվում հարազատ կրթօջախում։ www.aspu.am-ի հետ զրույցում Մարիա Էլմաջյանը խոստովանում է՝ մեծ պատասխանատվություն է իրենց դասախոսների առջև արդեն որպես ուսուցիչ ներկայանալը։ Վերջինս վստահ է՝ սա առաջին, բայց  ոչ վերջին փորձն է նման համագործակցության։