ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճապոնիայի դեսպանը  ՀՊՄՀ-ում մասնակցեց ավանդական թեյախմության
04.12.2021
Ճապոնիայի դեսպանը  ՀՊՄՀ-ում մասնակցեց ավանդական թեյախմության

Մանկավարժական համալսարանում այսօր հյուրընկալվել էր Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մասանորի Ֆուկուշիման:

Այցի նպատակ էր մասնակցել ճապոնական աշնանային ավանդական թեյախմությանը, որը կաազմակերպել էր «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթական կենտրոնը:

Ձեռնարկին ներկա էին բուհի Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Վահե Կիրակոսյանն ու  Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը: Վերջինս ողջունեց մեր երկրում Ճապոնիայի դեսպանին և միջոցառման կազմակերպման համար շնորհակալություն հայտնեց «Հիկարի» կենտրոնին:

Մարիաննա Հարությունյանը կարևորեց ձեռնարկի անցկացումը, ինչը կնպաստի, որ ապագա մանկավարժները տեղեկացված լինեն միջազգային տարբեր ավանդույթների մասին և հետագայում դա փոխանցեն իրենց աշակերտներին:

«Հիկարի» կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը Մանկավարժական համալսարանում անցկացնելու համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի շարունակական: Նա ներկայացրեց ճապոնական թեյախմության առանձնահատկությունները` անդրադառնալով թեյի պատմությանը` 8-րդ դարից մինչև մեր օրեր:

Կարինե Փիլիպոսյանն ըստ ժամանակաշրջանների ներկայացրեց թեյախմության կազմակերպման կանոնները, դրա նշանակությունն ու առանձնահատկությունները. թեյախմության համար նախ կանոններ սահմանեցին հոգևորականները, ապա սիրելի ըմպելիքը վայելելու արարողությանը ներգրավվեցին նաև ազնվականներն ու զինվորականները: Ի դեպ, վերջիններս թեյախմության մասնակցում էին հատկապես մարտից առաջ` «մաքրվելու» և ուժ հավաքելու նպատակով:

«Հիկարի» կենտրոնի աշխատակիցները միջոցառման ընթացքում ծանոթացրին թեյախմության կանոններին, Ճապոնիայում թեյ աճեցնելու շրջաններին, թեյի օգտակար հատկություններին, պատրաստման և մշակման յուրահատկություններին:

Թեև հայերի համար ճապոնական թեյի համն անսովոր է, սակայն ներկաները տեղում փորձեցին իսկական ճապոնական թեյը` պատրաստված թեյի պատրաստման բոլոր կանոնների պահպանմամբ. նախ ջուրը եռացնել և սառեցնել մինչև 60°, ապա ընտրել տերևները, որոնցով, ի դեպ, կարելի է պատրաստել 6-10 գավաթ թեյ: Ճապոնական թեյի կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ թեյի մեջ օգտագործված տերևով կարելի է պատրաստել աղցան:

Ներկաների համար ճապոնական թեյախմությունն անսովոր, բայց յուրատեսակ արարողություն էր. աշնանային ավանդական թեյախմություն Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ`իրեն բնորոշ բոլոր կանոններով` սպասքից մինչև մատուցման յուրահատկություններ: Ներկայացվեց նաև ճապոնական ավանդական հագուստը` կիմոնոն, դրա առանձնահատկություններն ու նշանակությունը, ապա ներկաները ուղղեցին իրենց հետաքրքրող մի շարք հարցեր:

Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման և ճապոնական թեյախմության հանդեպ ունեցած հետաքրքրության համար: