ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Չկա մի ասպարեզ, ուր մաթեմատիկան իր կարևոր դերը չունենա». գիտաժողով ՀՊՄՀ-ում
18.10.2018
«Չկա մի ասպարեզ, ուր մաթեմատիկան իր կարևոր դերը չունենա». գիտաժողով ՀՊՄՀ-ում

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց ՀՊՄՀ-ի, ՀՀ Գիտության պետական կոմիտեի և Կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Մաթեմատիկական կրթություն» խորագրով երկօրյա գիտաժողովը:

Միջազգային գիտաժողովին մասնակցում են ՌԴ-ի, Բելառուսի, Ուկրաինայի տարբեր բուհերի, ինչպես նաև Հայաստանի գիտակրթական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ, դասախոսներ, ուսուցիչներ, ուսանողներ:

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ողջունելով մաթեմատիկական 6-րդ գիտաժողովի մասնակիցներին, ընդգծեց գիտակրթական ոլորտում մաթեմատիկայի կարևորությունն ու արդիականությունը և հավելեց. «Մաթեմատիկա դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ առնչվում է նաև մանկավարժական գիտության ներկայիս պահանջներին, փոփոխություններին ու խնդիրներին. փոխվում է աշակերտը՝ փոխվում են նաև ուսուցման մեթոդները, միջոցները»,-նշեց պրոռեկտորը:

Սրբուհի Գևորգյանը կարևորեց թեմայի վերաբերյալ արտասահմանյան ներկայացուցիչների մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա կիսվել մտորումներով, տարբերվող փորձով ու մոտեցումներվ և թույլ կտա համեմատություններ կատարելով՝ գտնել ուսուցման սուբյեկտի՝ ներկայիս աշակերտի հոգեկան ներաշխարհն ու կոգնիտիվ գործընթացի առանձնահատկությունները:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանի կարծիքով, շատ կարևոր ու ողջունելի է գիտաժողովի պարբերականությունն ու ավանդական բնույթը, ինչը պայմանավորում է մտքերի փոխանակության, թեմաների քննարկման ու նոր մոտեցումների շարունակականությունը:

«Չկա մարդկային գործունեության մի ասպարեզ, որտեղ մաթեմատիկան իր կարևոր ու օգտակար դերը չունենա, քանի որ բոլոր երևույթներն ունենում են մաթեմատիկական ձևակերպում»,-նշեց ակադեմիկոսն ու վստահեցրեց, որ մաթեմատիկական գիտության մեջ չկան դավաճաններ, իսկ նվիրյալներն էլ հոգսեր չունեն:

Մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ-ի մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Համլետ Միքայելյանն իր զեկույցում ի մի բերեց գիտության մաթեմատիկա բնագավառի և հանրակրթության համապատասխան ուսումնական առարկայի արժեքը և արժեբանական նշանակությունը:

««Մաթեմատիկա» ուսումնական առարկան ունի արժեքների ձևավորման մեծ ներուժ»,-վստահեցրեց Համլետ Միքայելյանն ու դիտարկեց մաթեմատիկական կրթության հնարավորությունները համադրական արժեբանության դիրքերից:

Պլենար նիստը շարունակվեց մասնակիցների զեկույցներով, որոնցում ադրադարձան սովորողների գիտելիքների ստուգման նպատակներին և ձևերին, տրամաբանական խնդիրների լուծելիս մոդելավորման հնարի կիրառության և այլ մեթոդներին և մաթեմատիկայի դասավանդման վերաբերյալ այլ խնդիրների: